Վարչապետին զեկուցվել է Կադաստրի կոմիտեի 2022թ. գործունեության կատարողականի մասին

24.01.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կադաստրի կոմիտե՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Կադաստրի կոմիտեի ղեկավարն ու նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին: Նշվել է, որ 2022թ. աշխատանքներ են իրականացվել քաղաքացիների սպասարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, գրանցման, գնահատման, գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և այլ բնագավառներում:

Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ձևավորման շրջանակում ներդրվել է ազգային գեոպորտալը, որում մուտքագրված են 10 բազային շերտ և 600-ից ավելի մետատվյալ, մշակվել են 12 բազային և 14 թեմատիկ տարածական տվյալների ցանկն ու դրանց ստանդարտացման ուղեցույցները: Իրականացվել են կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքներ, այժմ քարտեզների 95 տոկոսը վարվում է առցանց ռեժիմով, մեկնարկել է հասցեների միասնական ռեեստրի ներդրման գործընթացը: Գործարկվել է չափագրողների առցանց գրասենյակը. առցանց տարբերակով ներկայացվել է 93.000 չափագրման փաթեթ, կրճատվել է թղթաշրջանառությունը՝ շուրջ 1 մլն էջ թղթով: Սկսվել է ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացը: Ընթացքի մեջ են պետական գեոդեզիական ցանցի արդիականացման և ՀՀ հողային հաշվեկշռի կազմման աշխատանքները:

Քաղաքացիների սպասարկման ոլորտում ընդլայնվել է առցանց մատուցվող ծառայությունների և օպերատորների շրջանակը: Աճել է առցանց դիմումների քանակը (դիմումների 25 տոկոսը ներկայացվել է առցանց), ինչը թույլ է տվել կրճատել սպասարկման գրասենյակների թիվը՝ 40-ից հասցնելով 35-ի: Մշակվել է առցանց ծառայությունների բջջային հավելվածը, որը ներդրման փուլում է և անվճար տարբերակով հասանելի է լինելու գործող օպերացիոն համակարգերի համար: Ընդ որում, նշվել է, որ առցանց եղանակով կարելի է ավելի շատ ծառայություն ստանալ, քան սպասարկման գրասենյակում: Ընդլայնվել է Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանին հասանելիություն ունեցող պետական մարմինների շրջանակը: «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում ներդրվել է գնահատողների ինքնակարգավորվող ինստիտուտը, կարգավորվել է նաև շարժական գույքի գնահատումը. 2023թ. հունվարի 1-ի դրությամբ գործում են 70 որակավորված գնահատող, 49 գնահատման և 1 ինքնակարգավորվող կազմակերպություն: Ներկայացվել են նաև անշարժ գույքի հարկման նոր համակարգի կիրարկման ընթացիկ արդյունքները, որի ամբողջական ներդրումն ակնկալվում է ավարտին հասցնել 2026թ.:

Մշակվել են կադաստրային վարչարարությունը բարելավող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքի գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ս.թ. հունվարի 16-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Նշվել է, որ շարունակական աշխատանք է տարվում էլեկտրոնային համակարգերի ներդրման՝ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացման, սահմանափակում կիրառող իրավասու մարմինների կողմից սահմանափակումների էլեկտրոնային եղանակով կիրառման և այլ ուղղություններով: Իրականացվել են էլեկտրոնային համակարգի տեքստային տվյալների բազայում իրավունքների սուբյեկտների ճշգրտման աշխատանքներ. նույնականացվել է 1.520000 սուբյեկտ, գործընթացը շարունակվում է: Նոր նախաձեռնությունների շրջանակում են գույքի նկատմամբ սահմանափակումների միասնական համակարգի ներդրման ու թվայնացման միջոցառումները: Նախատեսվում է մեկնարկել անշարժ գույքի գործակալների (բրոքերների) գործունեության կարգավորման և զարգացման բարեփոխումը, որի առաջին քայլն օրենսդրական բազայի մշակումն ու ներդրումն է:

2022թ. Կադաստրի կոմիտեի բյուջեի կատարողականը կազմել է 98.8 տոկոս, նախաձեռնվել են կառուցվածքային բարեփոխումներ, որոնցով նախատեսվում է գործող 4 տարածքային ստորաբաժանումները միավորել մեկ միասնական ստորաբաժանումում: Կադաստրային համակարգ կադրերի ներհոսք ապահովելու նպատակով նախատեսվում է մշակել բուհերի հետ համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր:

Մտքերի փոխանակության ընթացքում Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել կադաստրային բարեփոխումների վերաբերյալ:
Վարչապետը կարևորել է ազգային գեոպորտալի գործարկումը, որը կառավարման առումով ռազմավարական նշանակություն ունեցող հարթակ է, և ուշադրություն հրավիրել գերատեսչական տեղեկատվական բազաների փոխգործելիության անհրաժեշտության վրա: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, այդ թվում՝ նաև ակտիվ հանրային իրազեկում իրականացնելու վերաբերյալ:

Կառավարության ղեկավարը դրական է գնահատել առցանց մատուցվող ծառայությունների աճի դինամիկան, ինչը խթանում է նաև անկանխիկ շրջանառությունը, և կարևորել ինքնաշխատ ծառայությունների շրջանակի ընդլայնումը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև անշարժ գույքի հարկման նոր համակարգի, սահմանափակումների էլեկտրոնային համակարգի ներդրման, ինքնակամ շինությունների հաշվառման, անշարժ գույքի գործակալների գործունեության կանոնակարգման գործընթացներին, թվայնացման օրակարգին, ոլորտային մյուս բարեփոխումներին և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքները նշված ուղղություններով: