ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ՀՀ Կադաստրի կոմիտե և ԲՏԱ նախարարություն
Դեռևս նախորդ շաբաթ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել էին նախարարության պատասխանատուների և ՀՀ-ում գործող կապի օպերատորների հետ:
Վարչապետի հանձնարարությամբ տվյալ ոլորտին առնչվող տեղեկատվությունը գեոպորտալում արտացոլելու նպատակով, ինչպես նաև հանդիպման ընթացքում Կադաստրի կոմիտեի կողմից հնչեցված առաջարկները և արդեն իսկ իրականացված աշխատանքները տեղում ներկայացնելու նպատակով կազմակերպվել էր հանդիպում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ:
Մասնակցում էին ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանը, ինչպես նաև նախարարության, հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովի, ՀՀ-ում գործող կապի օպերատորների ներկայացուցիչները։
Կոմիտեի ղեկավարը մասնակիցներին ներկայացրեց Կադաստրի կոմիտեի կողմից վերջին տարիներին իրականացված օրենսդրական կարգավորումները, որոնց հիման վրա հնարավորություն ստեղծվեց իրականացնելու կադաստրային քարտեզների ճշտումները, գեոպորտալի ներդրումը, տարածական տվյալների ստանդարտացված հավաքագրումն ու կառավարումը:
Ներկայացվեց նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ընդունված բազային և թեմատիկ շերտերի, ինչպես նաև ստանդարտացման ուղեցույցերի ընդհանուր դրույթները:
Հանդիպման ընթացքում քննարկվեց գեոպորտալում տարածական տվյալները արտացոլելու կարևորությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից օպերատորներից պահանջվող տեղեկատվության ստանդարտացման կարևորությունը, դրա իրականացման հնարավորությունները և արդեն ստանդարտացված տվյալների արտացոլման հնարավորությունները գեոպորտալում: