ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

31.03.2023
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն

Այսօր՝ մարտի 31-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետներին և նրա հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին:

Հանդպմանը մասնակցում էին «Թվային տեխնոլոգիաները՝ ի աջակցություն գյուղատնտեսության արժեքային շղթաների և գյուղական համայնքների զարգացման» ծրագրի (TCP/ARM/3903) գլխավոր տեխնիկական պատասխանատու տիկին Դանիելա Դի Ջիանանտոնիոն և պարոն Մաքսիմ Գորգանը, ինչպես նաև հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդան Բարսեղյանը:

Ծրագիրը միտված է օժանդակելու էկոնոմիկայի նախարարությանը խաղողի այգիների գրանցման համակարգի (VRS) ներդրման և շահագործման գործում՝ զարգացնելով VRS-ի արդյունավետ օգտագործման կարողությունները: ՊԳԿ-ն նաև կաջակցի բջջային հավելվածի մշակման գործընթացին` գյուղացիական տնտեսությունների թվային ծառայությունների հասանելիությունը բարձրացնելու համար:

Ողջունելով ծրագրի պատասխանատուներին և կարևորելով պետական մյուս գերատեսչությունների հետ շարունակական և ակտիվ փոխգործակցությունը՝ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու ցանկացած նախաձեռնության, որը բխում է ՀՀ շահերից և միտված է պետության զարգացմանն ու բարօրությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ծրագրի շրջանակներում իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները, համատեղ աշխատանքների կատարման հաջորդականությունը, հետագայում հնարավոր խնդիրների և մարտահրավերների հաղթահարման ուղիները:

Անդրադարձ կատարվեց տարածական տվյալների ճշգրտման, դրանց հետագա կառավարման արդյունավետության և թարմացման անհրաժեշտությանը:

Կոմիտեի ղեկավարը փորձագետներին ծանոթացրեց նաև կոմիտեի գործունեության ընթացիկ իրավիճակին և ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ համառոտ ներկայացնելով ընթացող միջազգային ծրագրերն ու օրենսդրական բարեփոխումները, որոնք կարող են նպաստել փորձագետների հայաստանյան գործունեությանը:

Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել և զարգացնել փոխհամագործակցությունը: