Սոչիում կայացավ «Եվրասիա․ մեր տուն» խորագրով համագործակցային նախագծերի միջազգային ցուցահանդեսը

09.06.2023

 2023 թվականի հունիսի 7-ից 9-ը Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը մասնակցեց ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նստաշրջանների շրջանակներում անցկացվող «Եվրասիա․ մեր տուն» խորագրով միջազգային ցուցահանդեսին:

Միջոցառումը բաց երկխոսության հեղինակավոր հարթակ էր Եվրասիական տարածաշրջանի երկրների կառավարման մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների միջև։

Ցուցահանդեսում ներկայացված էին թեմատիկ տաղավարներ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ թվայնացում և թվային զարգացում, զբոսաշրջություն և սպորտ, կրթություն, արդյունաբերական համագործակցություն, էներգետիկա և այլն:

Հրավիրված էին ԱՊՀ և ազատ առևտրի համաձայնագրերով գործընկեր երկրները, մասնակցում էին նաև Չինաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի և ԱՄԷ-ի պատվիրակությունները:

Ցուցահանդեսի շրջանակներում գործարկվեց ՌԴ պետական ​​գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության՝ ՌՈՍՌԵԵՍՏՐ-ի ցուցահանդեսային տաղավարը, որտեղ ներկայացված էին ԱՊՀ Միջպետական ​​խորհրդի անդամ երկրների գեոդեզիական և քարտեզագրական ծառայությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերը և կատարված աշխատանքների արդյունքները:

Մասնավորապես՝ շեշտադրվեց և կարևորվեց Տարածական տվյալների ենթակառուցվածքի ԱՊՀ գեոպորտալի ստեղծման ուղղությամբ տարվող ակտիվ աշխատանքները, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվեց տաղավարում ծանոթանալու ԱՊՀ անդամ պետությունների մշակութային հուշարձանների, զբոսաշրջության և ներդրումային միջավայրի վերաբերյալ տեղեկատվությանը:

Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը իր խոսքում նշեց, որ Տարածական տվյալների միասնական համակարգը հնարավորություն կընձեռի ամրապնդելու գեոդեզիայի, գեոինֆորմատիկայի, կադաստրային գնահատման էկոլոգիայի, հողօգտագործման, տրանսպորտի և այլ ուղղություններով ԱՊՀ անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման համակարգումը և փոխգործակցությունը, ինչպես նաև կնպաստի տվյալների մշակման և վերլուծության գործընթացների պարզեցմանն ու արագացմանը։ Այն հիմք կհանդիսանա անդամ- երկրների մրցունակության բարձրացմանը նպաստող տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման համար։

Կոմիտեի պատվիրակությունը մասնակցեց նաև ցուցահանդեսին զուգահեռ անցկացվող ԱՊՀ քարտեզագրական և գեոդեզիական ծառայությունների ղեկավարների երկկողմ և բազմակողմ հանդիպումներին, ինչպես նաև «ԱՊՀ անդամ պետությունների տարածական տվյալների ենթակառուցվածքը» խորագրով պանելային քննարկմանը: