ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ Նիդերլանդներ-Հայաստան

14.07.2023

Երկօրյա այցով Երևանում էին գտնվում Նիդերլանդների Թագավորության Կադաստրի, հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության (Kadaster) փորձագետները, ովքեր Հայաստանում են գտնվում ՀՀ Կադաստրի կոմիտեի արխիվների թվայնացման համատեղ ծրագրի հաջող ավարտը ամփոփելու նպատակով։

Առաքելության առաջին օրը հյուրերին ընդունեց ՀՀ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը, որից հետո մասնագետներն այցելեցին Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակ, հնարավորություն ունեցան ծանոթանալու սպասարկման գրասենյակի գործառույթներին, քաղաքացիներին տրամադրվող ծառայություններին, կարևորվեց 2023 թվականի մայիսից Կոմիտեում իրականացված փոփոխությունները, որոնք վերաբերում են իրավաբանական անձանց կողմից դիմումները միայն էլեկտրոնային տարբերակով մուտքագրելուն:

Առաքելության երկրորդ օրը կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացն ընդունեց արտասահմանցի գործընկերներին, շնորհակալություն հայտնեց Կադաստրի կոմիտեի արխիվների թվայնացման ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար և հույս հայտնեց, որ երկու երկրների լիազոր մարմինների միջև համագործակցությունը կշարունակվի նաև մասնագիտական այլ ուղղություններոով:

Ընդգծվեց թղթային տարբերակից դեպի էլեկտրոնային համակարգ անցնելու Կոմիտեի որդեգրած քաղաքականությունը, ինչի արդյունքում Կոմիտեում օգտագործվող թղթային արխիվները ամբողջությամբ կդառնա էլեկտրոնային:

Ծրագրի երեք տարիների ընթացքում իրականացվել են առցանց հանդիպումներ, Հայաստան կատարած այցելություններ, ինչպես նաև Կոմիտեի աշխատակիցների ճանաչողական այց Նիդերլանդների Թագավորություն։

Պարոն Գուգարացն իր խոսքում կարևորեց Նիդերլանդների լիազոր մարմնի հետ երկկողմ համագործակցության խորացումը՝ հույս հայտնելով, որ վերոնշյալ ծրագրի հաջող ավարտը ևս նոր խթան կհանդիսանա հետագայում ևս համատեղ ծրագրեր իրականացնելու համար: