Աշխատանքային խորհրդակցություն
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Կոմիտեի ղեկավարը մեկ անգամ ևս շնորհավորեց և գործընկերներին ներկայացրեց նորանշանակ տեղակալ Գևորգ Մանուկյանին, ով մինչ այդ պաշտոնում նշանակվելը, ղեկավարում էր կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչությունը։
Աշխատանքային հանդիպման ընթացքում ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկվեցին նախորդ շաբաթվա հանձնարարականները, ամփոփվեցին արդյունքները։
Կմշակվի արդյունավետ մեթոդաբանություն՝ էլեկտրոնային բազայում չնույնականացված մնացորդային սուբյեկտները հնարավորինս արագ և համակարգված նույնականացնելու համար։
Շարունակվում են աշխատանքները Երևան քաղաքի կադաստրային քարտեզները առցանց համակարգ տեղափոխելու և քարտեզագրական համակարգում առկա խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու ուղղությամբ։
Կոմիտեի ղեկավարը նկատեց, որ քարտեզներն առցանց համակարգ տեղափոխելուն միտված աշխատանքները շատ կարևոր են, իսկ պատասխանատուներից ակնկալվում է առավել հետևողական աշխատանք։
Մասնագիտական ստորաբաժանումների կողմից պարզաբանումներ ներկայացվեցին կադաստրային քարտեզների վրա չտեղադրված անշարժ գույքերի հաշվետվության և ժամանակացույցի վերաբերյալ:
Հնարավոր թերացումների արձանագրման նպատակով Կոմիտեի ղեկավարը մեկ անգամ ևս հորդորեց առավել հետևողական և համակարգված կազմակերպել «Թեժ գծի» պատասխանատուների աշխատանքը, վերանայել վերահսկման մեխանիզմները։