Ավարտվեց Erasmus+ GeoTAK ծրագիրը

16.01.2024

Ավարտվեց Erasmus+ GeoTAK «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում» ծրագիրը:

Ծրագիրը միտված էր բարձրագույն կրթության կարողությունների զարգացմանը, հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մշակմանը աշխարհատեղեկատվական (GIS) տեխնոլոգիաների ոլորտում, բուհերի և ինստիտուցիոնալ կառույցների միջև հետազոտական ու նորարարական կապերի ամրապնդմանը։

Կադաստրի կոմիտեն, որպես ծրագրին աջակցող պետական գերատեսչություն, այս 3 տարիների ընթացքում ծրագրի անդամ բուհերի հետ կիսվեց ինչպես մասնագիտական, այնպես էլ կառավարչական հմտություններով:

Ծրագրի կազմակերպիչները հյուրընկալվեցին նաև Կադաստրի կոմիտեում:

Կոմիտեի ղեկավարի տեղակալներ Արամ Գուգարացը և Գևորգ Մանուկյանը ողջունեցին ծրագրի համակարգողին և հյուրերին։

Կարևորելով բուհ-պետական մարմին սերտ համագործակցությունը՝ Արամ Գուգարացն ընդգծեց բուհերի հետ շարունակական համագործակցության հնարավորությունը, հավելելով, որ ամեն տարի տասնյակ ուսանողներ գործնական պարապմունքներ են անցնում Կադաստրի կոմիտեի մասնագիտական ստորաբաժանումներում:

Տեղակալ Գևորգ Մանուկյանը կարևորեց ծրագրի իրականացումը և մեկ անգամ ևս հաստատեց, որ մասնագիտական այս համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Աշխատաժողովի փակման արարողությունը տեղի ունեցավ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Կադաստրի կոմիտեի աշխատակիցները զեկույցներ ներկայացրեցին «Ազգային տարածական տվյալներ», «Ազգային գեոպորտալ» թեմաներով: