Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը Ժնևում էր

21.06.2024
Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը Ժնևում էր

2024 թվականի հունիսի 19-ից 20-ը Ժնևում կայացել է ՄԱԿ-ի երկրատարածական տեղեկատվության գլոբալ կառավարման հարցերով փորձագետների Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի (UN-GGIM: Europe) 11-րդ լիագումար նիստը։

Կադաստրի կոմիտեից նիստին մասնակցում էին կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և կոմիտեի իրավաբանական վարչության պետ Նանե Ղազարյանը:

Միջոցառումը ներառել է մեկօրյա տևողությամբ երկու նիստ՝ հագեցած օրակարգով: Լիագումար նիստի ընթացքում քննարկվել են փորձագետների կոմիտեի ընդհանուր ծրագրի և տարածաշրջանային կոմիտեի պաշտոնական գործունեությանը վերաբերող հարցեր։

Մասնակիցներն անդրադարձել են առկա գլոբալ մարտահրավերների լուծման նպատակով երկրատարածական տվյալների և ծառայությունների կիրառմանը, ինչպես նաև տարածաշրջանային առաջնահերթությունների համատեքստում կոմիտեի գլոբալ ծրագրի իրականացման գործընթացում Եվրոպայի տարածաշրջանի ունեցած դերակատարությանն առնչվող հարցերին:

Ներկայացվել են ազգային վիճակագրական մարմինների և ազգային քարտեզագրման, կադաստրային և հողային գրանցման մարմինների գործունեության ռազմավարական ուղղությունների և ակնկալվող ապագա միտումների վերաբերյալ շնորհանդեսներ։

Քննարկվել են նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով տարածական տվյալների փոխկապակցման, ինտեգրման, փոխգործելիության ապահովման հնարավորությունները, ինչպես նաև աշխարհատարածական և վիճակագրական կազմակերպությունների գործունեության արդիականացման, ավտոմատացման նպատակով արհեստական բանականության (AI) և մեքենայական ուսուցման (ML) ընձեռած հնարավորությունների կիրառմանն առնչվող հարցեր։

Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը միջոցառման շրջանակներում ներկայացրել է «Արհեստական բանականության կիրառումը որպես գործիք՝ շինությունների բացահայտման նպատակով» շնորհանդեսը: