«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ նիստում

10.09.2024
«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ նիստում

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ հարկային պարտավորությունները բարեխիղճ կատարած հարկատուները կազատվեն անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտման ժամանակ անշարժ գույքի հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ տույժերի վճարումից։

Որոշակի ժամանակահատվածում տեղեկատվությունը թղթային արխիվներից թվայնացվել է, ստեղծվել են թվային էլեկտրոնային բազաներ: Դրանց հիման վրա համապատասխան էլեկտրոնային բանաձեւով իրականացվում է անշարժ գույքի` շուկայական արժեքին մոտարկված գնի հաշվարկ, որից էլ գանձվում է գույքահարկը:

Կադաստրի կոմիտեում եւ համայնքներում էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում բացահայտվել են գույքահարկի հաշվարկման հետ կապված խնդիրներ:

Ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի` առկա են եղել դեպքեր, երբ Կադաստրի կոմիտեի տվյալների բազա մուտքագրվել է սխալ տեղեկատվություն:

«Երբ քաղաքացին գնում է գույքահարկի վճարման, այնտեղ գույքահարկի թերհաշվարկ է կատարվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինակ` 500 քմ հողի մակերեսը որոշ դեպքերում Կադաստրի կոմիտեի բազա մուտքագրվել է 50 քմ կամ երկհարկանի շինության փոխարեն մուտքագրվել է մեկհարկանի շինության վերաբերյալ տվյալներ»,- ընդգծել է զեկուցողը:

Եթե քաղաքացին, նախքան էլեկտրոնային համակարգի ներդրումը, իր պարտավորությունները կատարել է բարեխղճորեն, սակայն համակարգի ներդնումից հետո պարզվել է, որ կա գույքահարկի չվճարված որոշակի պարտավորություն, որի մասով հաշվարկվում են տույժ-տուգանքներ։ Նախաձեռնությամբ Կառավարությունը նախատեսում է զրոյացնել այդ տույժ-տուգանքները:

Սուրեն Թովմասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, նշել, որ համակարգի ներդրումից հետո ոլորտում կատարվել են հազարավոր շտկումներ: