Աշխատանքային խորհրդակցություն

30.09.2024
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր կայացած խորհրդակցության սկզբում ևս մեկ անգամ ընդգծեց թեժ գծի հեռախոսազանգերի վերլուծության վիճակագրությանը պարբերաբար հետևելու և աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու կարևորությունը:

Ամսական կտրվածքով ներկայացվում է հաշվետվություն թեժ գծով պատասխանված և քննարկված հեռախոսազանգերի քանակի, պարբերաբար հնչող հարցերի վերաբերյալ։

Կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը մանրամասներ ներկայացրեց ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի նախորդ շաբաթ կայացած նիստից:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից հավաքագրել ընթացիկ տարում, ինչպես նաև մինչև 2024 թվականը իրականացված և մինչև տարեվերջ պլանավորված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը՝ գրաֆիկական նյութերի տեսքով:

Համակարգող տեղակալներին հանձնարարվեց գույքագրել ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի շրջանակներում այլ մարմինների այն միջոցառումները, որոնցում Կադաստրի կոմիտեն ընդգրկված է որպես համակատարող և ներկայացնել դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություն:

Շարունակվում են «Տարածական տվյալների մասին» և «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՀ օրենքներից բխող ենթաօրենսդրական ակտերի, որակավորման քննությունների անցկացման ընթացակարգի, հարցաշարերի վերջնական տարբերակների մշակմանն ուղղված աշխատանքները։

Օրենսդրական փոփոխությունների վերջնական տարբերակներն ու հարցաշարերը կհրապարակվեն կոմիտեի պաշտոնական կայքում և հանրությանը կներկայացվեն բոլոր հնարավոր հարթակներով։