«Գալիք տարին կլինի եռանդուն աշխատանքի և բարեփոխումների տարի». 2019-ի վերջին աշխատանքային խորհրդակցությունը
Աշխատանքային տարեվերջյան խորհրդակցությունն այսօր սկսվեց Կադաստրի կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանի ազատման դիմումի անակնկալ լուրով: Գնահատելով Պետրոսյանի ներդրումն ու ջանքերը համակարգում՝ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հույս հայտնեց, որ առողջական խնդիրների կարգավորումից հետո` կարճ ժամանակ անց, պարոն Պետրոսյանն անպայման կվերադառնա՝ «հետագայում ևս մեզ հետ աշխատելու և համագործակցելու»: «Մենք կսպասենք Ձեր վերադարձին, քանի որ սպասվող բարեփոխումներում Դուք անպայման ներգրավված պիտի լինեք. այլ տարբերակ ես չեմ տեսնում»,- հավելեց Կոմիտեի ղեկավարը:
Հանձնարարական է տրվել Կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի լուծարման և կոմիտեի կազմում նոր կենտրոնի ստեղծման գործընթացը սկսելու վերաբերյալ: Հունվարի 10-ին գործընթացի՝ արդեն վերջնական սխեման ունենալու ակնկալիքով Կոմիտեի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծեց, որ իր աշխատանքը պատշաճ կատարող որևէ աշխատակից վերակազմավորման արդյունքում գործազուրկ չի դառնա:
Հանձնարարական տրվեց բոլոր վարչություններին՝ իրենց մակագրված դիմում-բողոքներին պատասխանելիս մասնագիտական տարբեր հարցեր ներառող դիմումների պատասխաները պատրաստել մյուս վարչությունների հետ խորհրդակցելով՝ խիստ անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով նաև Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանի հետ:
Սուրեն Թովմասյանը վերջում մեկ անգամ ևս պատվիրեց հետևողական լինել հնգամյա պլանում ներառված գործառույթների, անելիքների նկատմամբ՝ շեշտելով, որ «2019-ին մենք չավարտված աշխատանքներ ենք թողնում, որոնց լուծումներն արդեն ուղենշված են»:
Շնորհավորելով բոլորին Ամանորի առիթով ՝ Կոմիտեի ղեկավարը հույս հայտնեց, որ գալիք տարին կլինի «եռանդուն աշխատանքի, ամբողջ պոտենցիալի ներդրման տարի»: «Մենք հավաքվել ենք, այսպես ասած, մեկ անձրևանոցի տակ` ծառայություն մատուցելու մեր պետությանը»: