Աշխատանքային խորհրդակցություն

21.10.2025

Հոկտեմբերի 20-ին Կադաստրի կոմիտեում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղակալների և ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց կոմիտեի գործունեությանը առնչվող կարևոր հարցեր, տրվեցին հանձնարարականներ։

Կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանին հանձնարարվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու համար ներկայացնել վերջնական առաջարկություն ժառանգության վերաբերյալ։

Մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց ներկայացնել Կադաստրի կոմիտեի գործառույթներից բխող հեռանկարային զարգացման ուղղությունները՝ ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը՝ թվայնացման գործիքների ներդրման և օրենսդրական փոփոխությունների մասով:

Առաջիկայում կկազմակերպվի ևս մեկ հանդիպում-քննարկում կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակում՝ դիմումների ներկայացման գործընթացում ներդրված գործիքակազմը վերածրագրավորելու և գործարկելու համար:

Ղեկավարի տեղակալ Գ. Մանուկյանին՝ բազմաբնակարան շենքերի առանձին գույքային միավորները անշարժ գույքի տվյալների բազա մուտքագրելու ընթացակարգերի վերաբերյալ տեխնիկական առաջադրանքը առաջիկայում կփոխանցվի սպասարկող կազմակերպությանը՝ ծրագրավորումն իրականացնելու նպատակով:

Կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությունը մինչև ամսվա վերջ կներկայացնի անշարժ գույքի շուկայի վերլուծության էլեկտրոնային գործիքակազմ՝ հնարավորություն ընձեռելով ամբողջությամբ թվայնացել ներկայումս հրապարակվող տվյալները:

Պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումների, Գեոմատիկայի կենտրոնի և Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարներին հանձնարարվեց ձևավորել GIS գործիքակազմ՝ յուրաքանչյուր գնահատված գույքի և գույքային գործարքի ընթացքում համապատասխան գների վերաբերյալ տեղեկատվության համար:

Գեոպորտալում կստեղծվի առանձին շերտ, որը կարտացոլի տեղեկատվություն անշարժ գույքի գների վերաբերյալ: