Աշխատանքային խորհրդակցություն
Կադաստրի կոմիտեում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց ամփոփել և համապատասխան ոլորտը համակարգող տեղակալին ներկայացնել հաշվետվություն 2025 թվականին կատարված աշխատանքների և մինչև դեկտեմբեր պլանավորված միջոցառումների վերաբերյալ:
Ներկայացված հաշվետվությունների վերջնական տարբերակները կներառեն նաև տեղեկատվություն ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ:
Մասնագիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ առաջիկա օրերին կկազմակերպվի աշխատանքային հանդիպում՝ կադաստրային քարտեզներում առկա սխալների ուղղման գործընթացի արդյունավետության բարձրացման և լավարկման համար մշակված օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով:
Պատասխանատուներին հանձնարարական տրվեց ապահովել ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում բազային շերտերը մեկ միասնական համակարգի ներքո ինտեգրելու ուղղությամբ աշխատանքների պատշաճ կատարումը:
e-cadastre.am կայքէջի ծրագրավորման աշխատանքներում վերաձևակերպումներ են արվում, նախատեսված են որոշ փոփոխություններ դիմումների ընդունման ընթացակարգերում։
Խորհրդատվական կենտրոնների ղեկավարներին հանձնարարվեց յուրաքանչյուր շաբաթ համակարգող տեղակալին ներկայացնել նախորդ շաբաթվա վերլուծական տեղեկատվությունը կենտրոններում իրականացված աշխատանքների և իրենց կողմից դիտարկված խնդիրների վերաբերյալ: