Կադաստրի կոմիտեում էին հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողները

11.11.2025
Կադաստրի կոմիտեում էին հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողները

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանն այսօր կոմիտեում ընդունել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողներին և դասախոսներին։

Հանդիպմանը ներկա էին քոլեջի «Քաղաքաշինական կադաստր» մասնագիտացմամբ սովորող ուսանողներ, քոլեջի կարիերայի կենտրոնի ղեկավար Արմինե Գասպարյանը, ասիստենտ Սեդա Բադեյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս, դոցենտ Լարիսա Մանուկյանը։

Կոմիտեի ղեկավարի տեղակալը ուսանողների հետ զրուցել է Կադաստրի կոմիտեի գործառույթների, ոլորտի առաջնահերթությունների, հեռանկարների և մի շարք այլ թեմաների շուրջ։

Պարոն Մանուկյանը ուսանողներին ներկայացրել է վերջին տարիներին կոմիտեում իրականացված բարեփոխումները, ծրագրերը, թվայնացման գործիքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։

Ապագա մասնագետների հետ հանդիպումը կայացել է շատ ջերմ և անմիջական մթնոլորտում։ Մանուկյանը պատասխանել է ուսանողների բազմաբնույթ հարցերին։

Ուսանողների հետ քննարկվել են ոչ միայն Կադաստրի կոմիտեի գործառույթներին առնչվող հարցեր, այլև հարցեր են հնչել գույքահարկի հարկման գործընթացի, քարտեզներում առկա անճշտությունների, ոլորտը կարգավորող օրենքներում սպասվող փոփոխությունների վերաբերյալ։

Կարևորելով մասնագիտական սերնդափոխության արդյունավետ կիրառումը՝ պարոն Մանուկյանը ուսանողներին հորդորել է պատասխանատվությամբ մոտենալ իրենց ընտրած մասնագիտությանը, մշտապես հետևել ոլորտի նորարարություններին և ձգտել մասնագիտական կատարելության: