ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Երվանդ Զախարյանն արժանացել է Հյուսիսային համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչմանը

17.04.2009
ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Երվանդ Զախարյանն արժանացել է Հյուսիսային համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչմանը

   ՀՀ Հյուսիսային համալսարանի գիտական խորհրդի 2009թ. մարտի 30-ի թիվ 5 որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին շնորհվել է համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

  Երեկ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բ. Մակիչյանը կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին է հանձնել համալսարանի պատվավոր պրոֆեսորի դիպլոմը, միաժամանակ ընդգծելով, որ պարոն Զախարյանը մշտապես  ակտիվ մասնակցություն է ցուցաբերել համալսարանի գիտակրթական գործունեությանը, պատրաստակամորեն աջակցել է Հյուսիսային համալսարանի կողմից կազմակերպված բազմաթիվ միջոցառումների, մասնավորապես Հովհաննես Թումանյանի 140-ամյակի առթիվ համալսարանում կազմակերպված հանդիսությունների կազմակերպմանը: Պարոն Մակիչյանը հավելեց նաև, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի պատրաստակամությունը` աջակցելու համալսարանին իր առջև ծառացած խնդիրները հնարավորինս արագ լուծելու հարցում, էապես նպաստում է Հյուսիսային համալսարանում կրթական ծրագրերի որակի բարձրացմանն ու դրանց իրականացմանը, ինչպես նաև ուսանողների մասնագիտական բարձր որակավորումն ապահովելուն: Կոմիտեի նախագահը շնորհակալություն հայտնեց և հավելեց, որ իրենց համագործակցությունը կշարունակվի` ի նպաստ կիրթ և հայեցի դաստիարակված սերնդի:

  Հիշեցնենք, որ դեռևս 2008թ. հունիսի 27-ին Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը Հյուսիսային համալսարանի կայացմանն էական նպաստ բերելու, համալսարանի հետ մշտական օգտակար կապեր պահպանելու համար արժանացել   է    «Հյուսիսային    համալսարանի    լավագույն    բարեկամ»    կոչմանը: Ի դեպ, մինչ օրս, շատ քիչ թվով մարդիկ են արժանացել Հյուսիսային համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչմանը, որոնց թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին