Աշխատանքային այց Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք

17.02.2010
Աշխատանքային այց Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք

  Սույն թվականի փետրվարի 15-17-ը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվիրակությունը կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտվում էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:

  Փետրվարի 15-ին կայացավ պաշտոնական հանդիպում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի և Ռուսաստանի Դաշնության դաշնային պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության ծառայության ղեկավար Սերգեյ Վասիլևի հետ: Հանդիպման ընթացքում երկողմանի համագործակցության շրջանակներում քննարկվեցին կադաստրի վարման, անշարժ գույքի պետական գրանցման, հողօգտագործման, գեոդեզիայի, քարտեզագրության և աշխարհագրական տեղեկատվական համակարգերին առնչվող հարցեր:

  Երկկողմ բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց հուշագրի ստորագրման համաձայնություն դաշնային պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջև համագործակցության վերաբերյալ:

  Կողմերը քննարկեցին նաև բազմակողմանի համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի ԱՊՀ մասնակից-պետությունների շրջանակներում:

  Հայաստանյան պատվիրակությանն ընձեռնվեց հնարավորություն ծանոթանալ դաշնային պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության ծառայության ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների և ստորաբաժանումների աշխատանքներին:

   Ռուսաստանյան կողմը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի կողմից հրավեր ստացավ ծանոթանալու մեր երկրի անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման համակարգին:

 

ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին