Հայտարարություն

Վերջնաժամկետ 29.11.2024
Կոդ

Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության բնագավառում հայտատու ֆիզիկական անձանց որակավորման (այսուհետ՝ Որակավորում) քննությունն անցկացվելու է 2024 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը՝ 10:00-ին, ք. Երևան, Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչական շենքի 12-րդ հարկում:

   Հայտնում ենք, որ ելնելով հայտատուների քանակից Որակավորման քննությունը կարող է անցկացվել մեկից ավելի օրերով, որի մասին ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1044-Ն որոշման հավելվածով հաստատված «Գնահատման որակավորման քննությունների անցկացման կարգ»-ի (այսուհետ՝ Կարգ) 19-րդ կետի պահանջների համաձայն՝ կծանուցվի նախապես:

   «Գնահատման գործունեության» մասին ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք։

   Միաժամանակ հայտնում ենք, որ Կարգի 14-րդ կետի համաձայն՝ օրենքով և սույն կարգով սահմանված գործունեության մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար հայտատուները կարող են դիմել որակավորման վկայականի ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ:

   Հայտատուները չեն կարող դիմել որակավորման վկայական ստանալու համար, եթե դիմումատուի գնահատման գործունեության վերաբերյալ լիազոր մարմնում դիմումի ընդունման պահի դրությամբ հարուցված է վարչական վարույթ:

   Որակավորման քննությանը մասնակցելու համար հայտատուները ներկայացնում են`

  • գրավոր դիմում (տրվում է կոմիտեի ղեկավարի անունով, սույն հայտարարությանը կից ձևին համապատասխան).

  • բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմ) պատճենը.

  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի.

  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը.

  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով (3.000 ՀՀ դրամ,
    Հ/Հ 9 0000 5163283):

   Դիմումի ձևը տեղադրված է ստորև:

   Հայտատուն փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ ներկայացուցչի միջոցով՝ նոտարի վավերացրած կամ հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրի հիման վրա, Կադաստրի կոմիտեի քարտուղարություն (ք. Երևան, Արշակունյաց 7) առձեռն, փոստով կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով (https://e-request.am) որակավորման քննության մասին հայտարարությունը պաշտոնական կայքում հրապարակելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ 2024 թվականի նոյեմբերի 18-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 29-ը ներառյալ:

   Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 29.11.2024 թ., մինչև ժամը` 18:00, աշխատանքային օրվա ավարտը:

   Որակավորման քննությունների հարցաշարը տեղադրված է Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում (www.cadastre.am), մասնավորապես՝ «Գնահատում» բաժնի «Գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրություն» ենթաբաժնում:

   Դիմումների մուտքագրման հարցերով զանգահարել՝ 060-474222 հեռախոսահամարին:

Դիմում