Տեղի ունեցավ Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից ինտեգրված կադաստրի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի խորհրդակցական մարմնի 1-ին նիստը

17.09.2021
Տեղի ունեցավ Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից ինտեգրված կադաստրի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի խորհրդակցական մարմնի 1-ին նիստը

Սեպտեմբերի 15-ին Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնում տեղի ունեցավ Կոմիտեի ղեկավարին կից ինտեգրված կադաստրի ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի խորհրդակցական մարմնի 1-ին նիստը։ Աշխատանքային խմբում ընդգրկված էին  ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ քաղաքաշինության կոմիտե, ՀՀ ոստիականության, Երևանի քաղաքապետարանի, «Էկենգ» ՓԲԸ-ի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները։

 

Ողջունելով մասնակիցներին՝ Կոմիտեի ղեկավար Ս. Թովմասյանը  շեշտեց, որ աշխատանքային խմբի կազմավորումը կարևոր  քայլ է ազգային ստանդարտների ստեղծման պատասխանատու գործում։  Նա փաստեց, որ հանրապետության  բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման և օգտագործման համար անհրաժեշտ է ունենալ ՀՀ տարածական տվյալների մասին ամբողջական և հավաստի տեղեկատվություն։ Այդ նպատակով  նախատեսվում է ստեղծել միասնական տեղեկատվական բազա։ Տարածական տվյալները պետք է հավաքագրվեն մեկ միասնական հարթակում, ինչը կնպաստի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ավելի  ճշգրիտ  և օպերատիվ  որոշումների կայացմանը։ Ս. Թովմասյանը հանգամանալից ներկայացրեց ազգային տարածական տվյալների  ենթակառուցվածքի ստեղծման փուլերը, ընդգծեց միջազգային  փորձի ուսումնասիրության կարևորությունը, որն առանցքային դեր ունի կատարվող աշխատանքներում։ Նա ընդգծեց, որ աշխատանքային խմբի գլխավոր նպատակներից մեկն է  սահմանել և տարանջատել այն իրավական հիմք ունեցող  շերտերը, որոնք հասանելի  են  լինելու  բոլորի համար  և  այն շերտերը, որոնք սահմանափակ հասանելիություն են ունենալու՝ ելնելով  անվտանգության նկատառումներից։

Կադաստրի կոմիտեի մասնագետներն իրենց զեկույցներում մանրամասն ներկայացրին Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը, ինչպես նաև  կոմիտեի կողմից մշակված տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները։

Այնուհետև գերատեսչությունների ներկայացուցիչները իրենց հուզող հարցերն ուղղեցին  կոմիտեի մասնագետներին, տեղի ունեցավ ակտիվ քննարկում։ Մասնավորապես հնչեցին կարծիքներ քարտեզագրական նյութերի ճշգրտման, հավաքագրման, ինչպես նաև տարածական տվյալների ստանդարտացման և քաղաքականության  վերաբերյալ։  Ներկաներն իրենց  պատրաստակամությունը  հայտնեցին   միասնական հարթակի ստեղծման և զարգացման գործում՝ փաստելով, որ հավաստի տվյալներն անհրաժեշտ են  բոլոր գերատեսչությունների և կառույցների  արդյունավետ աշխատանքի համար։

Ամփոփոլով խորհրդակցությունը՝ Ս Թովմասյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ լավագույն արդյունքի  հասնելու  համար  ակնկալում է ամբողջ խմբի միասնական աշխատանքը։