Սարհատ Պետրոսյանը Սան Դիեգոյի ֆորումում մեկ անգամ ևս համոզվել է, որ հայկական կադաստրը ճիշտ ուղղություն է ընտրել
Սան Դիեգոյում շարունակվում է Երկրատեղեկատվական համակարգերի (GIS) ծրագրային ապահովման միջոցներ արտադրող համաշխարհային առաջատարի՝ Esri-ի (Environmental Systems Research Institute) ամենամյա աշխատաժողովը, որի շրջանակում հրավիրված Ազգային կառավարական գործադիր ֆորումին (National Government Executive Forum) Հայաստանից մասնակցում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և տեղակալ Լևոն Մելիքյանը։ Հավաքի կարգախոսն է՝ «GIS. բանական և զգայական համակարգ»։
Ֆորումի ավարտին Սարհատ Պետրոսյանը փոխանցեց՝ հերթական անգամ պարզ դարձավ, որ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն գործունեության ճիշտ ուղի է ընտրել.
«Մենք՝ միգուցե ենթագիտակցական մակարդակով ու, բնականաբար, նաև որոշակի մասնագիտական փորձի հիման վրա, եկել ենք համոզման, որ Հայաստանի կադաստրի համակարգում մեր նախատեսած բարեփոխումները ոչ միայն արդիական են ու այլընտրանք չունեն, այլև առավելագույնս համապատասխանում են այլ երկրներում տարվող քաղաքականությանը։ Հիմա ավելի քան վստահ եմ, որ արագ արդյունքներ ապահովող և ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։ Այնպես որ, կարծում եմ՝ շուտով լավ նորություններ կունենանք»։
Մասնակից երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և փորձագետներն այս ֆորումում քննարկում են երկրատարածական համակարգերի կիրառմանը և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
Esri ընկերության ներկայացուցիչ Կարստեն Բյոռնսոնը ֆորումին մասնակցելու հրավերը հայկական կողմին արել էր դեռ Երևանում՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարների հետ հանդիպմանը։ Այդ հանդիպման նպատակը բանակցություններն էին, թե արդյոք երկրատեղեկատվական համակարգչային ծրագրերի ոլորտում աշխարհի առաջատար այս ընկերությունը կհամագործակցի՞ Հայաստանի կադաստրի կոմիտեի հետ՝ Ինտեգրված կադաստրի թվային հարթակների ստեղծման ու հետագա գործունեության շրջանում։ Վերջնական պայմանավորվածությունից առաջ Esri-ն պետք է իրավիճակի գնահատում անցկացնի և առաջարկներ մշակի։
Ինտեգրված կադաստրի ստեղծման ու գործունեության փուլերում Կադաստրի կոմիտեի աջակիցներն ու համագործակիցներն են նաև ամերիկյան, ճապոնական կազմակերպություններ, հայաստանյան համալսարաններ…