Կառավարության որոշումը ճանապարհ բացեց դեպի Կադաստրի միասնական արխիվ
Հայաստանի կառավարության հուլիսի 18-ին ընդունած որոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոնի 2’153.88 քառ. մետր մակերեսով մանկագինեկոլոգիական չգործող մասնաշենքը և 0.33 հա հողամասը կամրացվեն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին։ Այստեղ կկենտրոնացվի միասնական արխիվը՝ կադաստրային գործերի պահպանման, օգտագործման և տեսաներածման գործառույթներով։ Հողամասի սահմաններում կկառուցվի նոր շինություն: Արխիվները հիմա պահպանվում են հինգ տարբեր վայրերում. երկուսը՝ Երևանում, երեքը՝ մարզերում, ինչն առաջացնում է մի շարք խնդիրներ՝ տեխնիկականից մինչև բովանդակային։
Մինչ տարածքի վերջնական ընտրությունը, Կոմիտեի ներկայացուցիչները գնահատման և հաշվարկի մի քանի այց են կատարել այնտեղ։ Հարցը Կառավարության նիստում զեկուցելիս Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշեց, որ միասնական արխիվային ստորաբաժանման հիմնումը կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված կարևոր քայլ է, որի արդյունքում կբարձրանա անշարժ գույքի պետական գրանցման որակը, արխիվների աշխատանքը կբերվի միասնական ստանդարտի, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, կտնտեսվեն պետական միջոցներ.
«Նոր ստորաբաժանման ստեղծմամբ ազատվելու են պետական սեփականություն հանդիսացող տարածքներ, որոնց ներկայիս շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցում է նոր ստորաբաժանման շենքի կառուցման համար նախատեսված գումարները։ Միայն Երևանի կենտրոնում գտնվող Բուզանդի 1/3-ի գույքի շուկայական արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ. դրամ։ Ազատվում են նաև Կոմիտաս 35/2-ի շենքի չորս հարկերը»։
Պետրոսյանն ավելացրեց, որ սա նաև կնպաստի կառավարության՝ տարածքային համաչափ զարգացում ապահովելու նպատակին։ Մարզերում դեռևս գործող ստորաբաժանումներում առկա 101 հաստիքները կտեղափոխվեն նորաստեղծ ստորաբաժանում։ Բացի այդ, Վանաձոր քաղաքում 2021-2023 թվականներին նախատեսվում է ստեղծել ևս 170 նոր աշխատատեղ։