Կադաստրի կոմիտեում մտածում են լրատվամիջոցների համար տեղեկատվությունն առավել մատչելի դարձնելու մասին

25.07.2019
Կադաստրի կոմիտեում մտածում են լրատվամիջոցների համար տեղեկատվությունն առավել մատչելի դարձնելու մասին

«Գտնել ոսկե միջինը՝ պահպանելով թե' տեղեկատվության ազատությունը, թե' անձնական տվյալների գաղտնիությունը, միաժամանակ չխոչընդոտելով լրագրողների և փաստաբանների գործունեությանը»,- Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանն այսպես ձևակերպեց խնդիրը, որի լուծումները քննարկելու համար հրավիրվել էին ներկայացուցիչներ Հայաստանի լրագրողական ու փաստաբանական համայնքներից, անձնական տվյալների պաշտպանության ոլորտից։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը և նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը, Ժուռնալիստների միության նախագահի խորհրդական Գոհար Սավզյանը, «Հետքի» հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը ներկայացրին իրենց դիտարկումներն ու համոզումները կոնկրետ ձևակերպված խնդրի շուրջ։

 

Ավելի քան մեկ ժամ տևած քնննարկումից հետո Կարախանյանն ավելի շատ հակված է այն կարծիքին, որ Կադաստրի կոմիտեից տեղեկություններ ստանալու հարցում արժե որոշակիորեն ընդլայնել լրատվամիջոցների (լրագրողների) իրավունքը՝ ինչ-որ առումով մոտեցնելով փաստաբանների այդ իրավունքին։ Բանն այն է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, փաստաբանը կարող է իր վստահորդին օգնություն ցուցաբերելու համար Կադաստրի կոմիտեից ստանալ նաև այնպիսի տեղեկություններ, որոնք ստանալու իրավունք լրագրողը չունի. տեղեկությունները լրագրողները Կադաստրից ստանում են ընդհանուր հիմունքներով։ Եվ ահա, սա չի բացառում, որ փաստաբանը տեղեկության համար դիմի՝ իրականում այն լրատվամիջոցին փոխանցելու նպատակով։ Երբ համաչափ դառնան կամ ինչ-որ չափով մոտեցվեն փաստաբանի ու լրագրողի այս իրավունքները, «միջին օղակը» կբացառվի, ուղիղ հարաբերությունն ավելի վերահսկելի կդարձնի անձնական գաղտնիք չհրապարակելը։

Քննարկման առիթ էր դարձել այն, որ Կադաստրի կողմից մի փաստաբանի տրամադրված տեղեկատվությունը մի քանի օր անց հայտնվել էր լրատվամիջոցում (իսկ այն պարունակում էր երրորդ անձի սեփականության կադաստրային ամբողջ գործը, որում այդ անձի անձնագրի պատճենն էր, սեփականության վկայականը՝ տան հատակագծով և այլն)։