Քննարկվեցին «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
02.08.2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը, անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետի պաշտոնակատար Հակոբ Հովհաննիսյանն ու վարչության մասնագետ Արամ Խաչատրյանը «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Կադաստրի կոմիտեի մշակած օրենքի նախագծի քննարկմանն էին հրավիրել «Գնահատողներիհամահայկական խորհուրդ», Հայաստանի «Անկախ գնահատողների ասոցիացիա» և «Գնահատողների ինքնակարգավորվող միության փորձագիտական խորհուրդ» կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Քննարկումը բավական բուռն էր. նախագծի որոշ առանցքային դրույթների վերաբերյալ ներկայացված առարկություններից պարզվեց, որ դրանք արդեն իսկ ներառված են օրենքի նախագծի լրամշակված տարբերակում: Որոշ առարկությունների ընդունման վերաբերյալ Կոմիտեի ղեկավարի տեղակալը ներկայացրեց համապատասխան հիմնավորումներ դրանց անհրաժեշտության մասին: Հյուրերը հակված էին օրենքի հիմնովին փոփոխությանը՝ սկսած վերնագրից, կամ նոր օրենքի մշակմանը։ Պատճառաբանություններից մեկն է, թե գործող օրենքը «նախկինների» հեղինակած վատ օրենք է, ինչին ի պատասխան Արայիկ Սահակյանն ասաց, որ Կադաստրի կոմիտեում օրենսդրական փոփոխությունները մշակվում են ելնելով ոչ թե «նախկինների» և «ներկաների» բաժանումից, այլ մասնագիտական մոտեցումներով։
Կոմիտեի ղեկավարի տեղակալը ևս մեկ ամգամ փաստեց, որ օրենքում փոփոխությունների նպատակը գնահատման ոլորտի ընդլայնումն է, գնահատող կազմակերպությունների մատուցած ծառայությունների որակի բարելավումը, գնահատման հաշվետվությունների ստուգումների ընթացակարգերի պարզեցումը և որակավորման քննությունների անաչառությունն ու թափանցիկությունը: