Լրացավ Սարհատ Պետրոսյանի պաշտոնավարման մեկ տարին

09.08.2019
Լրացավ Սարհատ Պետրոսյանի պաշտոնավարման մեկ տարին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2018 թ. օգոստոսի 9-ին Սարհատ Պետրոսյանը նշանակվեց Կադաստրի կոմիտեի ղեկավար։ Այդ ընթացքում համակարգում իրականացված կարևոր 50 բարեփոխումներ է առանձնացրել Կադաստրի լրատվականը, ապա դրանց միջից ընտրել 10 ամենաշրջադարձայինները, որոնք կոչված են որակապես առաջ մղելու երկրի տնտեսությունը, հեշտացնելու ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի «շփումը» Կադաստրի հետ.

1. Ինտեգրված կադաստրի ստեղծում. հայեցակարգն ու միջոցառումների ծրագիրը Կառավարությունում հաստատվել է, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։
2. Հասցեների միասնական ռեգիստրի ստեղծում. հայեցակարգն ու միջոցառումների ծրագիրը հաստատվել է, ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։
3. Դեպի առցանց, անթուղթ և ինքնաշխատ (ավտոմատ) կադաստր. կադաստրային մի շարք փաստաթղթերում կնիքի պահանջի վերացումը և թվային հարթակում գործունեություն ապահովող օրենսդրական փաթեթն ընդունվել, ուժի մեջ է մտել։ 
4. Քարտեզների ճշգրտման գործընթաց. Հանրապետության ամբողջական օդալուսանկարահանման նախապատրաստական աշխատանքն արված է, Վաղարշապատում պիլոտային ծրագիրը՝ հաջողությամբ ավարտված։ 
5. Իրականացված է Կադաստրի թվային համակարգի աուդիտ, գնահատված անվտանգության և մյուս ռիսկերը։

6. Հանրապետությունում «կադաստրային գոտիավորում» է իրականացրել հետազոտողների խումբը, որով առավել տրամաբանորեն է սահմանվում անշարժ գույքի հարկման բազան։ Երկար տարիներ անփոփոխ գործել էր իրականությունը գրեթե չարտացոլող հին մեթոդը։ 
7. Ոլորտին վերադարձվում է գիտական դեմքը։ Երկար տարիների ընդմիջումից հետո սկսել են աշխատել Կադաստրի Գիտատեխնիկական խորհուրդն ու ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը։ Կադաստրն ինքը կազմակերպել է գիտական սիմպոզիում, նրա ներկայացուցիչները մասնակցել հեղինակավոր միջազգային գիտաժողովների։ 
8. Սպասարակման բարձր որակ. տեխսարքավորումների գնահատումից և ճիշտ բաշխումից զատ, գրասենյակի աշխատողի նոր վարքականոն է հաստատվել, Երևանի գլխավոր գրասենյակն աշխատում է նաև շաբաթ օրերին, կադաստրի ծառայությունների ապակենտրոնացումը՝ դեպի բանկեր, համայնքային մարմիններ, շարունակվում է։ Վերջիններիս համար կազմակերպվում են որակավորման դասընթացներ։ Քաղաքացիների ընդունելության առավել արդար կարգ է սահմանվել, ստեղծվել է երկրորդ՝ վերադասության բողոքարկման հանձնաժողովը։ 
9. Կադրերի ճիշտ պատրաստման համար համագործակցություն է ստեղծվել Հայաստանի բուհերի հետ, չնայած շեշտն ավելի շատ դրվում է համակարգի ներսում որակավորման դասընթացների վրա։ Իսկ քննություններն առավել թափանցիկ են դարձել։ Մինչ քննությունը հրապարկվում են ոչ միայն հարցաշարերը, այլև հարցերի ճիշտ պատասխանները։ 
10. Համակարգի ներսում առաջին իսկ օրից Պետրոսյանը դրել է աշխատանքային 4 պահանջ՝ ազնիվ, պրոֆեսիոնալ, աշխատանքին և թիմին նվիրված, ապաքաղաքական։ Ի սկզբանե խիստ ու անհանդուրժող է կոռուպցիոն դրսևորումների, շահերի բախում առաջացնող հարաբերությունների նկատմամբ։ Իսկ լավ աշխատանքի հանդեպ՝ խրախուսական։ Չնայած ամիսներ առաջ արդեն իսկ ներդրել է խրախուսման նոր՝ առավել արդարացի կարգ, այժմ նախապատրաստվում է աշխատանքի խրախուսման առավել կատարելագործ՝ KPI կարգ։ Ծառայողական մեքենաների մոտ կեսը վերադարձվել է պետությանը, մեքենաների և բենզինի գործածության ազնիվ մեխանիզմներ են ներդրված։

Համակարգում կառուցվածքային փոփոխությունները շարունակվում են։ Նպատակը՝ առավել արդյունավետ և որակյալ աշխատանքը։

Հ.Գ. Հանրային իրազեկման աշխատանքի շարժիչ ուժը և գաղափարների գեներատորն է Սարհատ Պետրոսյանը, և երբեմն՝ չափից դուրս պահանջկոտ լուրերի ճշգրտության, տեքստի կառուցվածքի և լուսանկարների որակի հարցում։