Լոռու մարզում 29 տեղանուն փոխելու առաջարկների ցանկն ուղարկվեց մարզպետին. Ալավերդին՝ Լալվար, Ջիլիզան՝ Խորակերտ…
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին ուղղված նամակում Կադաստրի կոմիտեի ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը մարզի 29 տեղանունների փոփոխությունների հին ու նոր առաջարկների ցանկն է ամբողջացրել՝ խնդրելով համապատասխան համայնքներում քննարկել դրանք և կարծիք հայտնել։
Փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնականում բացատրվում է ներկայիս տեղանունների օտարամուտ լինելով։ Ցանկում կան նաև անվանումներ, որոնք պարզապես անբարեհունչ են. օրինակ, Առողջարանին կից գյուղ, Փամբակ կայարանին կից գյուղ, Արջուտ կայարանին կից գյուղ և Քոբեր կայարանին կից գյուղ անուններն առաջարկվում է դարձնել Հովտանուշ, Փամբակավան, Արջուտավան և Քոբայր։ Նույն առաջարկների մեջ են՝ Ալավերդի քաղաքն անվանափոխել Լալվար, Ջիլիզա գյուղը՝ Խորակերտ, Ախթալա քաղաքը՝ Արծաթահանք, Ախթալա գյուղը՝ Սպիտակաշեն… ( վերջին 2 առաջարկները մշակել է Հանձնաժողովի նոր կազմը, որն արդեն Սարհատ Պետրոսյանի ղեկավարության օրոք է ձևավորվել և որն ի պաշտոնե նախագահում է Պետրոսյանը, և որն օգոստոսի 5-ին գումարեց իր առաջին նիստը)։
Բացասական կարծիքի դեպքում համայնքը պետք է նոր առաջարկ-անվանում ներկայացնի Կադաստրի կոմիտե՝ հաշվի առնելով տվյալ վայրի աշխարհագրական, պատմական, մշակութային, ազգագրական, կենցաղային և այլ տեղական պայմանները և զերծ մնալով անձնանուններից, ինչպես նաև օտարամուտ, կրկնվող, անբարեհունչ տեղանուններից։