Գյումրու քաղաքապետը ողջունեց աշխատանքային խմբի մշակած մեթոդաբանությունը
Աղետի գոտու տնակների վերաբերյալ տվյալների միջգերատեսչական նորաստեղծ աշխատանքային խումբն իր այս հավաքը նույնպես Գյումրիում անցկացրեց, բայց՝ ավելի փոքր կազմով. օգոստոսի 22-ին այնտեղ էին աշխատանքային խմբում միայն Կադաստրի կոմիտեն ներկայացնողները՝ ղեկավարի խորհրդական Բորիս Քոչարյանը, փորձագետ Աստղիկ Գրիգորյանը և Սարհատ Պետրոսյանը, որը նաև խմբի ղեկավարն է։
Նախորդ այցին նրանք և խմբի մյուս անդամները Գյումրիում շրջել էին քննարկման առարկա ոչ հիմնական շինություններով զբաղեցված բնակավայրերով, հատկապես որտեղ դրանք առավել խիտ են՝ հաշվի առնելով քաղաքաշինական վերակառուցման տեսանկյունից առաջնահերթ դիտարկման տարածքները։
Այսօր արդեն այդ առաջնահերթությունների դասակարգումը Գյումրու քաղաքապետարան բերվեց՝ համայնքի ղեկավարների հետ քննարկման։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունեց միջգերատեսչական աշխատանքային խմբի մոտեցումը և առաջարկվող չափորոշիչներով գնահատման մեթոդաբանությունը։
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային այս խմբում ներկայացուցիչներ կան նաև Քաղաքաշինության կոմիտեից, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունից, «Շիրակ» կենտրոնից և «Ուրբան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից (վերջին երկուսը՝ ցանկությամբ)։ Նախորդ ամսվա վերջին ստեղծված աշխատանքային այս խումբն արդեն չորս նիստ է ունեցել, այդ թվում՝ արտագնա։
Աղետի գոտու տնակների վերաբերյալ հավաքագրված տվյալների մեթոդաբանությունը խումբը մշակելու, ամփոփելու և մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը ներկայացնելու է Վարչապետի աշխատակազմ։