Կադաստրի համակարգում այսօրվանից գործում է խրախուսման նոր՝ ըստ KPI-ի ցուցիչի կարգը. աշխատանքային խորհրդակցություն

02.09.2019
Կադաստրի համակարգում այսօրվանից գործում է խրախուսման նոր՝ ըստ KPI-ի ցուցիչի կարգը. աշխատանքային խորհրդակցություն

 Կադաստրի ստորաբաժանումների հիմնական մասում  այսօրվանից գործում է խրախուսման նոր կարգը, երբ յուրաքանչյուր աշխատողի խրախուսման չափը ձևավորվում է ըստ KPI-ի ցուցիչի։ KPI-ը (Key Performance Indicator՝ հիմնական կատարողական ցուցիչ) աշխատանքի փաստացի արդյունքի քանակային ցուցիչն է։ Դա գործիք է՝ հիմնարկի արդյունավետ աշխատանքը կազմակերպելու և յուրաքանչյուրի աշխատանքային արդյունավետության մակարդակը գնահատելու համար։ Կադաստրի համակարգում հիմնական մոտեցումները մի քանի ամիս շարունակ մշակել է աշխատանքային խումբը՝  տեղակալ Արայիկ Սահակյանի գլխավորությամբ։

 «Բազմիցս ենք քննարկել մոտեցումները և, կարծում եմ, որ բավական արդար, բավական տրամաբանական, բավական մրցակցային համակարգ է ներդրվել։ Որակի և քանակի առումով գործը պատշաճ կատարող մարդը չի տուժելու։ Ավելին, իր գործը պատշաճ կատարող մարդը կարող է նախկինում իր ստացած խրախուսումից ավելին ստանալ։ Եվ հակառակը, ինչ-որ մարդիկ կարող է ավելի քիչ ստանան, որովհետև իրենք, օրինակ, երբ որ դիմումն ընդունում և ավարտում են, չեն սեղմում այդ գործն ավարտելու կոճակը…»,-աշխատանքային այսօրվա խոհրդակցությանն ասաց Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

 

 

 Խրախուսման այս կարգն այսօրվանից գործելու է Կադաստրի բոլոր գրասենյակներում, միասնական և մարզային ստորաբաժանումներում, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի 2 բաժիններում…  Միայն «կետային» որոշ պաշտոնների համար առայժմ չի գործի այդ կարգը, իսկ ամբողջովին դեռևս չի կիրառվի Կադաստրի կենտրոնական ապարատում.

 «Կենտրոնական ապարատի համար էլ բանաձևն ունենք, բայց ավելի նպատակահարմար է այդ հարցին անդրադառնալ մի քիչ ավելի ուշ՝ կառուցվածքային փոփոխություններից հետո»։

Գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը կիրազեկի բոլոր այն ստորաբաժանումներին, որոնց աշխատակիցների խրախուսման չափն այսօրվանից հաշավարկվելու է ըստ KPI-ի ցուցիչների։ Նաև գրություններ կուղարկի, թե գործնականում ինչ է դա նշանակում և ինչպես է կիրառվելու։

 Մեկ այլ «ներքին կարգ» Կադաստրի ապարատում կգործի այսօրվանից. Սարհատ Պետրոսյանը հրաժարվում է ժամկետն այդ օրը լրացող որևէ գրություն ստորագրել, եթե վերջին օրով այն ստորագրման հանձնելու տրամաբանական ու շատ հիմնավոր պատճառ չկա.

 «Չնայած, համոզված եմ, որ 95 տոկոսի դեպքում պարզապես վերջին օրվան են թողնում առանց որևէ հիմնավոր պատճառի։ Անցած շաբաթ բյուջեի նախագծի հարյուր էջանոց նախագիծն իր ժամկետում ստորագրելու, այսինքն, նաև կարդալու համար 5 րոպե ժամանակ ունեի։ Այսուհետ վերջին օրով ոչինչ չեմ ստորագրելու, իսկ հետևանքը շատ խիստ է լինելու»։

 Կադաստրի կոմիտեի նոր կանոնադրության նախագիծն այս պահին արդարադատության նախարարությունում է։ Առաջիկա շաբաթներին ակնկալվում է գերատեսչության կարծիքը նախագծի վերաբերյալ։ Դրան զուգահեռ՝ յուրաքանչյուր վարչության պետ մինչև այս չորեքշաբթի օրը ժամը 18։00-ն գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանին պետք է ներկայացնի իր վարչության և նրա կազմում եղած բաժինների կանոնադրությունների նախագծերը։