Խրախուսման կարգի վերանայման, աշխատանքային կարգապահության, հնգամյա պլանով նախատեսված ժամկետների պահպանման մասին. աշխատանքային խորհրդակցություն

11.11.2019
Խրախուսման կարգի վերանայման, աշխատանքային կարգապահության, հնգամյա պլանով նախատեսված ժամկետների պահպանման մասին. աշխատանքային խորհրդակցություն

« Որոշակի դրական դինամիկա ունենք, ինչը շատ ուրախացնում է, և ես ակնկալում եմ, որ յուրաքանչյուր շաբաթվա վերջում ինձ կտրմադրվի վերլուծություն, որպեսզի հասկանանք՝ ովքեր են պարբերաբար ուշանում»՝ անդրադառնալով աշխատանքից ուշացումներին՝ նկատեց Կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Արամ Կարախանյանը:

 

 

Նոյեմբերի 11-ի աշխատանքային խորհրդակցությանը Կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ հիմնական կատարողական ցուցիչով՝ KPI-ով իրականացվող խրախուսման նոր կարգը լրացուցիչ անգամ վերանայելուց, ուսումնասիրելուց և ներդնելուց հետո, միևնույն է, դժգոհություններ կան: «Հանձնարարականն արդեն տրված է, լրացուցիչ ուսումնասիրություն կարվի, և եթե բողոքներն արդարացի են ապա հաշվի կառնվեն, չստացվի այնպես, որ ծանրաբեռնված աշխատողը չի ստանում պարգևավճար».- նկատեց Կարախանյանը և հավելեց, որ հարցը մեկշաբաթյա ժամկետում կվերանայվի, անհրաժեշտության դեպքում կարվեն շտկումներ:

Հնգամյա պլանով նախատեսված ժամկետները պահպանելու, ժամկետը արդեն լրացած կամ մինչև 6 ամիս ժամկետ ունեցող կետերը ներկայացնելու համար համապատասխան հանձնարարական է ուղարկվել կոմիտեի բոլոր վարչության պետերին՝ երկօրյա ժամկետում ներկայացնել՝ «անհրաժեշտ է հասկանալ՝ նշված ժամկետներում հասցնում ենք, թե հավելյալ ժամկետներ են անհրաժեշտ:

Արամ Կարախանյանը տեղեկացրեց, որ արդեն այս շաբաթ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին ՀՀ օրենքի նախագիծը և հանձնարարեց իրավաբանական վարչության պետ Արմեն Արսենյանին օրենսդիր մարմնում ներկայացվելիք փաթեթն առավել մանրամասն և հագեցած դարձնել:

Խորհրդակցության մասնակիցներին տեղեկացվեց, որ քաղաքացիների ընդունելությունները Կոմիտեում կշարունակվեն նույն տրամաբանությամբ՝ միայն մի բացառությամբ՝ այս փուլում, հասկանալի պատճառներով, կոմիտեի ղեկավարի, ղեկավարի տեղակալների մոտ ընդունելություններ չեն լինի: Անհրաժեշտության դեպքում քացաքացիներին կընդունեն վարչության պետերը՝ բացառելով որևէ անհատական ընդունելություն ստորաբաժանումներում կամ Կոմիտեում:

«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Արամ Ստեփանյանի՝ բյուջեում նաև Կոմիտաս 35/2 շենքում տանիքի, ջրագծերի և վերելակների հիմնավոր վերանորոգման համար գումար նախատեսելու խնդրանքին ի պատասխան՝ պարոն Կարախանյանը հորդորեց նախահաշիվ կազմել, որպեսզի կարողանան այդ ամենը ներառել նախատեսված ծախսերում: