Միջազգային հարթակներում ևս քարտեզները պետք է գծվեն «նույն լեզվով», և ինչ է արվել Հայաստանում վերջին մեկ ու կես տարում. Սարհատ Պետրոսյանի ելույթը «երկրատարածական և կադաստրային ոլորտների» ԱՊՀ միջպետական խորհրդի նիստին
«Կարծում եմ, որ ինտեգրացիոն գործընթացները պետք է շարունակական լինեն, և մեր կադաստրային հաստատությունները, որոնք պետությունների սահմանները «գծողներ», են նաև, պետք է երկրների տարածքներն ու լանդշաֆտները քարտեզագրեն մեկ միասնական տրամաբանությամբ կամ, միևնույն, պատկերավոր ասած՝ լեզվով»,- Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջպետական խորհրդի հերթական նիստի բացմանն այսօր ունեցած իր ելույթն այսպես եզրափակեց Հայաստանի կադաստրի կոմիտեի ղեկավարը։ Սարհատ Պետրոսյանը ելույթի մեծ մասը նվիրեց Հայաստանում վերջին մեկ ու կես տարում իրականացված քայլերին, և թե ինչպես՝
«Մեր ժողովրդին հաջողվեց իրականացնել փոփոխություններ մեր քաղաքական համակարգում՝ առանց մեր երկրի որդեգրած արտաքին ու տարածաշրջանային քաղաքականությունում էական որևէ փոփոխության»։
Խոսելով ՀՀ կառավարության իրականացրած տնտեսական բարեփոխումների մասին, Պետրոսյանը նշեց, որ Կադաստրը նույնպես՝ որպես երկրի տնտեսության զարգացման համար կարևորագույն, անհրաժեշտ և հիմնարար ոլորտ, ձեռնամուխ է եղել բարեփոխումների՝ անշուշտ, սկսելով ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումից և կառավարման ավելի բաց համակարգի ներմուծումից։ Նրա խոսքով, Կադաստրը հաջողել է ամբողջովին վերափոխել իր նկատմամբ հանրության երբեմնի բացասական վերաբերմունքը.
«Չնայած այդ փաստին, մենք դեռևս շատ անելիք ունենք՝ շարքային քաղաքացիներին և ձեռներեցներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, արագության, սակագների և որ ամենակարևորն է, հավաստիության առումով»։
Հայաստանի կադաստրի կոմիտեի ղեկավարը ներկաներին պատմեց, որ երկրում նախատեսվում է 2023 թվականից ամբողջովին անցնել առցանց, ինքնաշխատ և անթուղթ անշարժ գույքի գրանցման, իսկ 2030-ին արդեն փորձ է արվելու անշարժ գույքի գրանցումը կազմակերպել առանց մարդկային ներգործության։ Պետրոսյանը նշեց, որ դրան հասնելու ճանապարհին Կադաստրն արդեն մի շարք փաստաթղթեր տրամադրում է առանց կնիքի (օրինակ, սեփականության վկայականը), որոնց իսկությունը ճանաչվում է Կադաստրի կոմիտեի կայքի միջոցով։
Մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար բանախոսն ավելացրեց, որ իր համար շատ կարևոր են նաև տարածական տվյալների հավաքագրման, մշակման, պահպանության և փոխանակման գործառույթները, ուստիև՝ Ինտեգրված կադաստրի ստեղծումը, որի իրականացումը ստանձնել է փոխվարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը։ Նույնը՝ հասցեների միասնական ռեգիստր ստեղծելու հարցում։ ՀՀ ռեֆերենց ցանցի կայանների արդիականացման և ընդլայնման, կադաստրային քարտեզների ուղղման նոր կարգ մշակելու ինտենսիվ աշխատանք է տարվում։ Փոփոխություններ են կատարվում նաև ոլորտին առնչվող նորմատիվ-իրավական փաստաթղթերն արդիականացնելու համար։
«Իհարկե, այս ամենի համար անհրաժեշտ են ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, ինչը մենք փորձում ենք ապահովել միջազգային դոնորների աջակցությամբ, ինչպես նաև փորձելով ներառական մոտեցմամբ ներգրավել Հայաստանի ու Հայկական սփյուռքի գիտական և մասնագիտական ներուժը»։
Սարհատ Պետրոսյանն իր ելույթում հույս հայտնեց, որ կառույցի հաջորդ նիստում Հայաստանի կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը, ցանկալի կլինի՝ ինքն անձամբ, մասնակիցներին կներկայացնի այս ամենի արդյունքները։
Պատվիրակությունների ղեկավարները նաև հանդես եկան մամուլի ասուլիսով։