Քննարկվեցին ռեֆերենց կայանների ցանցի զարգացման և հնարավոր համագործակցության հարցեր

15.01.2020
Քննարկվեցին ռեֆերենց կայանների ցանցի զարգացման և հնարավոր համագործակցության հարցեր

Շվեյցարական «Լեյկա Գեոսիսթեմս» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունից երեկ՝ հունվարի 14-ին, Կադաստրի կոմիտեում էր Հայկ Սահակյանը: Ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում մշտապես գործող տասներկու ռեֆերենց կայաններից կազմված ցանցի ներկա վիճակը և զարգացման հետագա հնարավորությունները:

Կոմիտում կազմակերպված հադիպմանը մասնակցում էին նաև գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը, ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Արթուր Թովմասյանը և քարտեզագրության բաժնի պետ Բագրատ Նազարյանը:

Շվեյցարական ընկերության հետ արդյունավետ փոխգործակցության շրջանակում Կոմիտեի ղեկավարը և հանդիպմանը ներկա Կոմիտեի մյուս պատասխանատուներըը ներկայացրեցին իրենց մոտեցումներն ու առաջարկները: Իր խոսքում Սուրեն Թովմասյանը կարևորեց այս պահին Հանրապետության տարբեր բնակավայրերում գտնվող 7 այլ ռեֆերենց կայանների հնարավոր ներգրավումը գործող 12 կայանների ցանցում: Հայկ Սահակյանը հավաստեց, որ նորագույն տեխնոլոգիաները տալիս են այդպիսի հնարավորություն, և այդ կայանների ինտեգրումը ցանցում միանգամայն հեռանկարային է: