«Մեկ քայլ առաջ շարժվելն անգամ էապես կնվազեցնի դժգոհությունների թիվը». Սուրեն Թովմասյան. աշխատանքային խորհրդակցություն
Հունվարի 20-ին Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվեցին նախորդ շաբաթվա հանձնարարականները, հնգամյա ծրագրիի վերաբերյալ կարծիքների հավաքագրման, համապատասխան ժամանակացույցերի ստեղծման, աշխատանքային կարգապահության և այլ հարցեր:
Մասնագիտական ստորաբաժանումների կողմից հնգամյա պլանի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չունենալու իրողությունը (ծրագրի վերաբերյալ առաջարկներ էր ներկայացրել միայն գեոդեզիայի և քարտեզագրության վարչությունը) Կոմիտեի ղեկավարը որակեց որպես անտարբերություն ստանձնած պարտավորությունների, իսկ ավելի գլոբալ՝ երկրի, պետության նկատմամբ. «Կոստյումով ու փողկապով գալիս էստեղ նստում գործ ենք անում, թե՞ փոշի ենք փչում ուրիշների աչքերին»:
Թովմասյանը նկատեց, որ եթե չկան առաջարկություններ, աշխատանքները կիրականացվեն ըստ իրենց պատկերացրած ժամանակացույցի՝ առանց որևէ հետաձգման: Ընդգծելով, որ արդեն շատ լավ ծանոթ է բոլորի հնարավորություններին, գիտի, որ բոլորն էլ կարող են ըստ պատշաճի աշխատել, եթե ցանկություն ունենան, Կոմիտեի ղեկավարը նկատեց. «Որևէ մեկը բացառություն չի լինելու: Եթե գալու եք ասեք, որ չեք հասցնում, ազատման դիմումով կգաք»:
Արդեն հաջորդ շաբաթ անշարժ գույքի գրանցման վարչությունը կներկայացնի ռեգիստրների համար կազմվող ուղեցույցի նախնական տարբերակը:
Կոմիտեի ղեկավարը մեկ անգամ ևս խորհրդակցության մասնակիցներին հորդորեց բացառել վերջնաժամկետ ունեցող գրությունները վերջին օրով ստորագրման ներկայացնելը, ինչպես նաև գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Գագիկ Եգանյանին հանձնարարեց հետևողական լինել հաճախումների, շենքից ելումուտի, կարգապահական նորմերի պահպանման նկատմամբ:
Մեկշաբաթյա ժամկետում մասնագիտական բոլոր վարչությունները ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանին կներկայացնեն 2020 թվականի գործողությունների իրենց գրաֆիկը:
Մասնագիտական երկկողմանի հարցեր քննարկելու նպատակով առաջիկա օրերին նախատեսված են հանդիպումներ արդարադատության նախարարության, Նոտարական պալատի, ԴԱՀԿ պատասխանատուների հետ: Գնահատելով համակարգում տարիների ընթացքում կատարված աշխատանքը՝ Կոմիտեի ղեկավարը ցանկալի արդյունքի հասնելու համար կարևոր է համարում առանց բացթողումների աշխատանքը և օրենսդրական այնպիսի կարգավորումները, որոնք քաղաքացուն հնարավորություն կտան հստակ պատկերացնել կադաստրի գործառույթները: «Մեկ քայլ առաջ շարժվելն անգամ էապես կնվազեցնի Կադաստրի աշխատանքից դժգոհությունների թիվը»:
Պրոֆեսիոնալ պատրաստվածության, կատարած արդյունավետ աշխատանքի համար Սուրեն Թովմասյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքից ազատման դիմում ներկայացրած գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանին և հույս հայտնեց, որ Կոմիտեի հետ մասնագիտական համագործակցությունը կշարունակվի: