Ինտեգրված կադաստրի ստեղծման պատասխանատուները հստակեցնում են գործնական քայլերը

20.09.2019
Ինտեգրված կադաստրի ստեղծման պատասխանատուները հստակեցնում են գործնական քայլերը

 Ինտեգրված կադաստրի ստեղծման միջգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստից առաջ Կադաստրի կոմիտեում սեպտեմբերի 20-ին դարձյալ հավաքվել էին հանձնաժողովի անդամ գերատեսչությունների ներկայացուցիչները (առաջին նիստը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ տեղի է ունեցել օգոստոսի 15-ին, որից հետո Կոմիտեում առանձին երկրորդ հավաքն էր այսօր)։ Շուտով՝ մինչև փոխվարչապետի մոտ միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, Կոմիտեն իր մասով կներկայացնի Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարությունը. այս տեղեկությունը փոխանցեց Կադաստրի կոմիտեի ղեկավար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սարհատ Պետրոսյանը՝ հավաքի սկզբում ողջունելով ներկաներին և ներկայացնելով ընթացիկ աշխատանքը։

 

 Հանձնաժողովի քարտուղար, Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Բորիս Քոչարյանը՝ ներկաների փաստարկներն ու առաջարկություններն այսօր լսելով, կարծիք հայտնեց, որ գերատեսչությունների ներսում նույնպես կարելի է ինտեգրված կադաստրի ստեղծման տեղական աշխատանքային խմբեր ստեղծել, քանի որ շատ մասնագետներ վաղուց ակտիվորեն ներգրավված են իրենց ոլորտի տվյալների բազան ստեղծելու և վարելու գործում։

 Քննարկմանն ակնհայտ դարձավ այս փուլում հասկանալիք ընդհանրական 3 խնդիր, որպիսիք ունեն գերատեսչությունները՝ իրենց առանձին «կադաստրային» տվյալներն ինտեգրվածի մեջ աշխատեցնելու համար.

1. ծրագրային, ձևաչափային միասնականությունը,
2. հաշվառված տվյալների պակասը, երբեմն նույնիսկ բացակայությունը,
3. տվյալների ճշգրտման կարիքը։

 Հաշվառված տվյալների պակասը, ըստ Կոմիտեի ներկայացուցիչների, պետք է որ յուրաքանչյուր գերատեսչության խնդիրը լինի։ Ինչ վերաբերում է տվյալների ճշգրտմանը, խիստ կարևոր այդ գործառույթը, որն Ինտեգրված կադաստրի ստեղծման նպատակներից է, «կադաստրային յուրաքանչյուր դարակի» պատասխանատու պետք է անի պարբերաբար, և այստեղ նրանց շատ կօգնեն օդալուսանկարները։

 Մի բան էլ, որը դարձյալ Ինտեգրված կադաստրի ստեղծման նպատակներից է. ոչ մի գերատեսչություն այդ դեպքում մյուսին առձեռն, նամակով կամ ֆիզիկական այլ եղանակով որևէ տվյալ տալու «նեղությունը չի քաշի».

 «Իրար ոչինչ չենք տալու և իրարից ոչինչ չենք վերցնելու, պարզապես տեղեկացնելու ենք, այսինքն, այն տվյալը, որը դնելու ենք ամեն մեկս մեր «դարակում», մյուսը տեսնելու է»,- ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը։

 Նախորդ նման հավաքից հետո Կադաստրի կոմիտեն հարցաշարեր էր ուղարկել գերատեսչություններ՝ Ինտեգրված կադաստրի ստեղծման ներկա փուլի ոչ միայն կազմակերպական, այլև իրավական խնդիրների վերաբերյալ.

 «Եթե յուրաքանչյուրդ ձեր ոլորտում Ինտեգրված կադաստրի հետ կապված իրավական խոչընդոտներ եք տեսնում, լավ կլինի, որ ի սկզբանե տեղյակ պահեք, մենք էլ որոշ խնդիրներ ամրագրել ենք, քննարկենք, հանդես գանք իրավական ակտերի փոփոխությունների նախաձեռնությամբ, որպեսզի հետագայում բարդություններ չլինեն»,- ասաց Բորիս Քոչարյանը։

 Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցկարգը և միջոցառումների ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատել է այս տարվա գարնանը։
 Ինտեգրված կադաստր՝ նշանակում է, որ համաժամանակյա թարմացման հնարավորությամբ մեկ հարթակում կպահվեն երկրի կենսագործունեության բոլոր բնագավառների տարածական տվյալները, այդ թվում՝ հանրային ծառայություններ մատուցող մասնավոր մի շարք ընկերությունների ենթակառուցվածքների տվյալները։ 2023 թվականին համակարգը պետք է ամբողջովին գործարկված լինի, իսկ առաջին ծիծեռնակը՝ պիլոտայինը, կլինի պատմամշակութային հուշարձանների կադաստրի ներառումն Ինտեգրվածի մեջ։