Գործնական հմտություններ ագրարային համալսարանի լավագույն ուսանողների համար

31.01.2020
Գործնական հմտություններ ագրարային համալսարանի լավագույն ուսանողների համար

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանի նախաձեռնությամբ այս տարվա հունվարի 15-ից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Հողաշինարարություն և հողային կադաստր» մասնագիտության ավարտական կուրսի 5 լավագույն ուսանողներ փորձուսուցում են անցնում Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում՝ հետագայում նաև աշխատանքի տեղավորվելու հեռանկարով: Ուսանողներին հնարավորություն է տրված ծանոթանալու անշարժ գույքի գրանցման գործընթացի բոլոր նրբություններին, իրենց մասնագիտության ամենապատասխանատու գործառույթներին: Չնայած կարճ ժամանակին, մասնակից ուսանողները փաստում են, որ արդեն բավական շատ ու կարևոր գիտելիքներ են ստացել: Ընդգծում են՝ որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագետ դառնալու ճանապարհին իրենք դեռ շատ անելիքներ ունեն: Այսօր արդեն իրականություն է այն, ինչը տարիներ առաջ «Հողաշինարարություն և հողային կադաստր» մասնագիտացմամբ ամենափայլուն շրջանավարտներն անգամ չէին կարող պատկերացնել` աշխատել մասնագիտությամբ, գործնականում ստանալ անհրաժեշտ ու կիրառելի գիտելիքներ: