Կոմիտեի մասնագետները մասնակցում են Esri միջազգային առցանց համաժողովին

15.07.2020
Կոմիտեի մասնագետները մասնակցում են Esri միջազգային առցանց համաժողովին

Հուլիսի 13-ից 16-ը Կադաստրի կոմիտեի նորաստեղծ Գեոմատիկայի կենտրոնի մասնագետները  հնարավորություն են ստացել մասնակցելու աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ/GIS) ծրագրային ապահովման միջոցներ արտադրող համաշխարհային առաջատարի՝ Esri (Environmental Systems Research Institute) ընկերության կողմից կազմակերպվող Esri ընկերության ծրագրային փաթեթներից օգտվողների ամենամյա համաժողովին (Esri user conference), որն այս տարի անցկացվում է առցանց։

 

 

Esri միջազգային օգտվողների համաժողովը (Esri UC) ԱՏՀ տեխնոլոգիաներին նվիրված աշխարհի ամենամեծ իրադարձություններից է: Կորոնավիրուսային համաճարակի ճգնաժամի պատճառով ամենամյա համաժողովն այս տարի իրականացվում է առցանց ձևաչափով։ Համաժողովի լիագումար նիստերի ընթացքում ներկայացվում է, թե ինչպես են աշխարհագրական տեղեկատվական համակարգի տեխնոլոգիաները նպաստում գլոբալ համակարգերի փոխկապակցմանը, արագ որոշումների կայացմանը։ Համաժողովն իր մեջ ներառում է առցանց քարտեզների պատկերասրահ, ԱՏՀ հայեցակարգի նստաշրջաններ, մրցանակների հանձնման արարողություն, ԱՏՀ-ի հատուկ ցուցադրություններ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում քարտեզագրման և տարածական վերլուծություններ իրականացնելու նորագույն ծրագրային փաթեթներին և ընկերության ձեռքբերումներին։ Համաժողովի կենտրոնական ուղիղ եթերը հնարավորություն է տալիս ամբողջ միջոցառման ընթացքում հաղորդակցվել հյուրերի և մասնակիցների հետ։

 

 

Համաժողովը կարևոր հարթակ է ԱՏՀ տեխնոլոգիաների նոր հնարավորություններին ծանոթանալու և շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների և քննարկումների իրականացման համար։

Կադաստրի կոմիտեի համար հատկապես կարևոր են հողային ռեսուրսների կառավարման, կադաստրային քարտեզների ստեղծմանը վերաբերող քննարկումներն ու ներկայացվող նորությունները, նոր մոտեցումներն ու նոր ծրագրային փաթեթները։