ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխության նախագիծը
Այսօր Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կառավարության օրենսդրական նախագիծը (117 կողմ ձայն):
Փոփոխությունները միտված են պարզեցնելու պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները և խթանելու էլեկտրոնային գործիքների կիրառումը կադաստրի կողմից մատուցվող ծառայությունների ընթացքում, նվազեցնելու որոշ ծառայությունների համար նախատեսված սակագները:
Նախագծի ընդունմամբ՝ անշարժ գույքին առնչվող ցանկացած տեղեկատվություն հնարավոր է ձեռք բերել էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով` e-cadastre.am հարթակի միջոցով:
Գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի կադաստրային արժեքի և դրա հաշվարկման համար հիմք հանդիսացած տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար գործող 1000 դրամի փոխարեն սահմանվում է 500 դրամ սակագին։ Նույնքան կկազմի սակագինը նաև գյուղատնտեսական նշանակության մեկ միավոր հողամասի նկատմամբ կամ դրա որևէ մասի նկատմամբ միևնույն տեսակի իրավունքի կամ սահմանափակման, դրա փոփոխման կամ դադարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար:
Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով տրամադրվող յուրաքանչյուր տեղեկատվության համար կսահմանվի 300 դրամ սակագին:
Նախագիծն օրենսդիր մարմնում ներկայացնելիս Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը նկատեց նաև, որ քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի շինությունների և հողամասերի հատակագծերը Կադաստրի կոմիտե ներկայացնել առձեռն՝ փաստաթղթային եղանակով։ Որակավորված անձինք դրանք այսուհետ կներկայացնեն էլեկտրոնային եղանակով՝ e-cadastre.am կայքի միջոցով: Ներկայացման կարգի առանձնահատկությունները սահմանվելու են անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի կողմից: