Գեոմատիկայի կենտրոնում ոլորտի փորձառուներն են

21.12.2020
Գեոմատիկայի կենտրոնում ոլորտի փորձառուներն են

Պետական նշանակության աշխատանքներում ներգրավված են մինչև 40 տարվա փորձ ունեցողներ

Այս տարվա գարնանը կառավարության որոշմամբ Կադաստրի կոմիտեի կազմում ստեղծված Գեոմատիկայի կենտրոնի գործառույթներին, կատարած աշխատանքներին և ծրագրերին նախորդ ամիսներին շատ ենք անդրադարձել։ Վերջին օրերին տարբեր հարթակներից հնչող տարբեր հարցադրումներին, այնուամենայնիվ, կրկին անդրադառնում ենք․ ինչո՞ւ փակվեց «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, ի՞նչ փոփոխություններ եղան, ո՞ւր գնացին տարիներ շարունակ համակարգում իրենց գիտելիքներն ու ջանքերը ներդրած մասնագետները, ովքե՞ր մնացին և այլն։

«Մենք ոչ միայն շարունակում ենք ՊՈԱԿ-ի գործառույթները, այլև այդ գործառույթներին նոր շունչ ենք տվել,  նոր գիտահեն մոտեցումներով ընդլայնվել է ԱՏՀ/GIS և հեռազննման տեխնոլոգիաների, մշտական գործող ռեֆերենս կայանների կիրառումը, այս նոր մոտեցումների արդյունքում այս տարի  կառավարությունը հավանություն տվեց սկսել գործընթաց  ինքնակամ շինություների հայտնաբերման և մշադիտարկման հեռազննման մոնիթորինգային համակարգի ներդրման համար»,- նշում է Գեոմատիկայի կենտրոնի ղեկավար Վահագն Մուրադյանը։

«Այսօր Գեոմատիկայի կենտրոնում իրականացվում են միայն պետական նշանակությամբ հրատապ դարձած գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները՝ կադաստրային քարտեզների ուղղում, հասցեների ճշգրտում, պետական և վարչատարածքային միավորների սահմանների սահմանագծում, ատլասների հրատարակում և  այլն։  Գաղտնիք չէ, որ ՊՈԱԿ-ն իր ժամանակն ու ռեսուրսները չէր կարող կենտրոնացնել միայն պետական գործունեության վրա»,-հավելում է կենտրոնի ղեկավարը։

Հատկանշական է, որ կենտրոնը գրեթե ամբողջությամբ վերազինված է գերժամանակակից համակարգիչներով, տեխնիկական  արդիականցման շատ ծրագրեր ընթացքում են։

Մուրադյանը փաստում է, որ կրկնակի ավելացել է աշխատանքի օպերատիվությունը․երբ պետական որևէ աշխատանք կյանքի կոչելու համար կարիք չկա մրցույթ հայտարարել, շահել, որպեսզի կատարես այս կամ այն գործը։ Թարմ օրինակ է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ՀՀ Ոստիկանության, առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների հակահամաճարակային աշխատանքների կազմակերպման համար ստեղծված էլեկտրոնային քարտեզը, որը պահանջում էր շատ օպերատիվ արձագանք։

«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գրեթե բոլոր աշխատակիցներն այսօր աշխատում են Գեոմատիկայի կենտրոնում կամ Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում, որի հետ համատեղ են բազմաթիվ աշխատանքներ։ Մրցույթների բացակայության պատճառով տարվա մեջ մի քանի ամիս հարկադիր պարապուրդի մատնվող ՊՈԱԿ-ի նախկին մասնագետներն այսօր շարունակում են աշխատել Գեոմատիկայի կենտրոնում՝ օգտվելով նաև սոցիալական փաթեթներից և այլ արտոնություններից։

Մասնագիտությամբ քարտեզագրող տիկին Էլմիրան  շուրջ 42 տարի է աշխատում է  համակարգում, երկար տարիներ եղել է ՊՈԱԿ-ի ֆոտոգրամետրիայի և քարտեզագրման բաժնի պետը, զբաղվել և շարունակում է զբաղվել ռազմական քարտեզագրությամբ։ Սիրում է սովորեցնել երիտասարդ և խոստումնալից մասնագետներին, ինքն էլ շատ բան է սովորում նրանցից։

Տարիներ առաջ էլ մասնագիտական թիմի հետ մասնակցել է հայ-վրացական սահմանների սահմանագծի ճշտման և սահմանազատման աշխատանքներին, որում ներգրավված է եղել այսօր արդեն կենտրոնի դաշտային աշխատանքների կազմակերպման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ալեքսանդր Սահակյանը։ Նվազագույնը 20 տարվա աշխատանքային տարիներ են իրար կապում այս բաժնի աշխատակիցներին։ Տիկին Կարինեի հետ են աշխատում 1977 թվականից։

Համակարգի հնաբնակներ են նաև Ռաֆիկ Մինասյանն ու Պապ Սաֆարյանը, ովքեր հավաստում են, որ աշխատանքը ոչ միայն չի տուժել, այլ իրենք պատրաստակամ են ստանալ նոր պատվերներ, ունենալ շատ անելիք։

Կենտրոնի բոլոր բաժիններում և աշխատանքային խմբերում  նորեկների հետ ներգրավված են տասնյակ տարիների փորձով մասնագետները, ովքեր փաստում են, որ ՊՈԱԿ-ից շատ քիչ գործընկերներ կան, ովքեր այսօր իրենց հետ չեն աշխատում, իսկ հողաշինարար Նունե Հովսեփյանը «սրտնեղում է», որ ՊՈԱԿ-ում ընդամենը մի քանի տարի աշխատած և ժամանակին իր աշխատանքում «առանձնապես չփայլած» մարդիկ այսօր շահարկում են ՊՈԱԿ-ի լուծարման, նոր կենտրոնի ստեղծման թեման։

 

40 և ավելի տարիների փորձով մասնագետ, թեմատիկ քարտեզների խմբի ղեկավար Աիդա Նազարյանը, ով իր աշխատակիցների՝ Յուլիա Հակոբյանի և Արմինե Դավթյանի հետ աշխատել  է ՊՈԱԿ-ի նույն բաժնում, այսօր էլ շարունակում է աշխատել՝ սպասելով օրենսդրական փոփոխություններին, որոնք լայն հնարավորություններ կստեղծեն թեմատիկ քարտեզների ստեղծման և իրացման համար։

Պարոն Վարյանի ղեկավարած աշխարհագրական անվանումների խմբում  նույնպես հնաբնակներ են՝ 40, 30 և 20 տարվա աշխատանքային փորձով (Վարդանուշ Թովմասյան, Մարինե Ներկարարյան), ովքեր այս օրերին տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ հասցեների ճշգրտման աշխատանքներ են իրականացնում։