Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հարցազրույցը․ «Ժողովուրդ» օրաթերթ

22.12.2020
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հարցազրույցը․ «Ժողովուրդ» օրաթերթ

-Պարոն Թովմասյան, ինչու՞ 2020 թ. ապրիլին կառավարության որոշմամբ լուծարվեց «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, կարծիք կա, որ այն շատ կարևոր ինստիտուտ էր, որը որոշվեց փակել: Ո՞վ որոշեց ու ի՞նչ նպատակով նման որոշում կայացվեց, ինչո՞ւ գնացիք նման քայլի, որի համար քննադատության եք ենթարկվում:

 

-Որպեսզի հասկանանք, թե ինչու որոշում կայացվեց լուծարել «գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը, նախ պետք է փորձենք հասկանալ, թե ինչ կառույց էր այն և ընդանուր առմամբ ինչով էր զբաղվում այդ ՊՈԱԿ-ը։ ՊՈԱԿ-ը ըստ էության ստեղծվել էր Կադաստրի կոմիտեի կազմում 2011 թվականին 2 այլ կենտրոնների միավորման արդյունքում եվ ստանձնել էր, ըստ էության, երկու խումբ պարտավորություններ, որոնք մանրամասն նկարագրված էին լուծարված ՊՈԱԿ-ի կանոնադրությունում։ Դրանցից մեկը պետական նշանակության գեոդեզիական աշխատանքներն էին, երկրորդը՝ ձեռնարկատիրական։ ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունը բազմաթիվ հարցեր էր առաջացրել, բացասական իմաստով, դեռևս նախքան իմ պաշտոնավարումը, որը արձանագրվել էր նաև պետական վերահսկողական ծառայության կողմից։ Խնդիրը կայանում էր նրանում, որ ՊՈԱԿ-ը ունենալով անհատույց օգտագործվող տարածքներ, գործիքներ, Կադաստրի կոմիտեի բացարձակ օժանդակությունը, որը իմ կարծիքով տրամաբանական էր, շուկայում, որտեղ գործում էին 100 ից ավել մասնավոր ընկերություններ, ուներ շահեկան դիրք և ստեղծում էր ոչ մրցակցային պայմաններ։ Կառավարությունը որոշում կայացրեց լուծարել այդ ՊՈԱԿ-ը, որպեսզի պետական նշանակության աշխատանքները կենտրոնացվեն պետական մարմնում՝ Կադաստրի կոմիտեում, և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մրցակցային շուկան անհրաժեշտ է ազատականացնել և թույլ տալ մասնավոր ոլորտին զարգանալ, այլ ոչ թե իր ներկայությամբ խեղաթյուրել իրական մրցակցությունը։ Ինչ վերաբերում է պետական նշանակություն ունեցող կարեվորագույն գործառույթներին, դրանք կենտրոնացվեցին Կադաստրի կոմիտեում, որտեղ ստեղծվեց Գեոմատիկայի կենտրոնը՝ ինչպես արդեն շեշտեցի բացառապես պետական նշանակության աշխատանքների կատարման համար։

Եթե ուսումնասիրեք ՊՈԱԿ-ի և Գեոմատիկայի կենտրոնի գործառույթները, դուք ինքներդ կտեսնեք, թե արդյոք կա՞ մի այնպիսի պետական նշանակության աշխատանք, որը դուրս է մնացել մեր կենտրոնի գործառույթների ցանկից․ ես կարող եմ հստակ պատասխանել, որ ոչ։ Այս ՊՈԱԿ-ի լուծարմամբ մենք զերծ ենք մնացել ձևական անցկացվող մրցույթներից, որտեղ չգիտես ինչպես, բայց գրեթե միշտ հաղթող է ճանաչվել այդ նույն ՊՈԱԿ-ը եվ ներկա պահին այդ նույն աշխատանքները իրականացվում են գրեթե նույն ՊՈԱԿ-ի մասնագիտական կազմով, սակայն ավելի քիչ միջոցներով, որոնք փաստագրված են Կադաստրի կոմիտեի բյուջեից կատարվող ծախսերով։ Եվ վերջապես, անդրադառնալով ձեր ծավալուն հարցի վերջին մասին, կուզենամ նշել, որ եթե մենք քննադատության պետք է արժանանանք պետական նշանակության աշխատանքները Կադաստրի կոմիտեում կենտրոնացնելու, մասնագիտական շուկան ազատականացնելու, նույն ՊՈԱԿ-ի մասնագետներին անհիմն պարապուրդներ չուղարկելու, բյուջեի գումարները խնայելու և նման այլ աշխատանքների համար, ուրեմն քննադատողները մեղմ ասած բավականին հեռու են ոլորտից։ Իսկ ոլորտին մոտ կանգնած որևէ մասնագետի կողմից ես երբևէ չեմ լսել քննադատություն մեր գործողությունների համար։

 

-Այս պահին ընթանում են հայ-ադրբեջանական սամանների սահմանազատման աշխատանքները ու այն իրականացվում է GPS-ով: Արդյոք այս ձեւաչափով սահմանազատումն իրականացնելը վնասելու է ՀՀ-ի շահերին: Նշվում է, որ ՊՈԱԿ-ի փակումը շատ վատ էր հատկապես այս օրերի համար, քանի որ փաստորեն այդ ՊՈԱԿ-ի գործառույթն էր այս պահին քարտեզագրման աշխատանքներն իրականցնելը:

 

-Պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները պետական նշանակության աշխատանքներ են, ինչպես արդեն նշեցինք բոլոր պետական նշանակության աշխատանքները պահպանվել եվ հստակեցվել են գեոմատիկայի կենտրոնի գործառույթներում, ուստի այն հարցը, որ ՊՈԱԿ-ի լուծարումը կարող է վատ անդրադառնալ սահմանների խնդրին չի կարող համապատասխանել իրականությանը, ավելին, ՊՈԱԿ-ի գոյության ամբողջ ժամանակահատվածում այդ գործառույթը եղել է ՊՈԱԿ-ի գործառույթը և վերջինիս գոյության ամբողջ ընթացքում իրականացվել է միայն հայ-վրացական սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ, այն էլ՝ մասնակի։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք այդ աշխատանքները պետք է կատարվեին հիմա, թե նախկինում մինչև այս իրավիճակի ստեղծվելը։ Եթե վերլուծենք ՊՈԱԿ-ի վերջին տարիների գործունեությունը՝ ակնհայտ է դառնում, որ առաջնահերթ են եղել ձեռնարկատիրական աշխատանքները, այլ ոչ թե պետական նշանակության խնդիրները։ Օրինակ արդյոք անհրաժեշտ էր մեկ քաղաքի երկրատեղեկատվական համակարգի ստեղծումը, երբ Կադաստրի կոմիտեն չուներ առցանց վարվող քարտեզագրական համակարգ, թե նույն միջոցները ուղղել ՀՀ սահմանների սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին։

Ինչ վերաբերվում է GPS ով կատարվող աշխատանքներին, նշեմ որ GPS ը դա արբանյակային տեղորոշման համակարգ է և միջոց է դաշտային աշխատանքների կատարման համար։ Այստեղ կարևոր է, թե մենք ինչ ելակետային տվյալներ ենք ներմուծում գործիք, որտեղից ենք վերցնում այդ տվյալները, ինչ կոորդինատային համակարգով ենք դրանք իրականացմուն։ Կուզենամ նշել, որ մեր տրամադրության տակ առկա բոլոր քարտեզագրական և բացատրական նյութերը վերլուծվել և ամբողջականացվել են և տրամադրվել են պետական լիազոր մարմիններին։ Այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն իրավասու է տրամադրել Արտաքին գործերի նախարարությունը։ Կարևոր է նշել նաև, որ բացի տրամադրված նյութերից Կադաստրի կոմիտեն ունի 100 % մասնագիտական կազմ պետական նշանակության գրասենյակային և դաշտային ցանկացած աշխատանք իրականացնելու համար։

 

-Խնդրում եմ ասեք, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի-Արցախի սահմանների վերաբերյալ քարետեզագրման ի՞նչ աշխատանքներ են իրականացրել, ո՞վ պետք է այն աներ ու եթե չի արվել, արդյոք պատասխանատվության կանչվել է:

 

-Ինչպես արդեն նշեցինք, ՀՀ պետական սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործառույթները եղել են «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կանոնադրական գործառույթները, և աշխատանքներ տարվել են բացառապես հայ-վրացական սահմանագծի ուղղությամբ։ Մենք և ոլորտի մասնագետները մնում ենք այն կարծիքին, որ այս հարցին անհրաժեշտ էր ուշադրություն դարձնել ավելի վաղ և ունենալ հնարավորություն՝ վերլուծությունները իրականացնել ավելի հանգիստ պայմաններում։ Ինչևէ, մեր մասնագետներից կազմված աշխատանքնային խումբը Գեոմատիկայի կենտրոնում ամենօրյա շարունակական աշխատանք է իրականացնում այս պահին ևս։

 

-Ի վերջո քարտեզագրումը, որ կառույցը պետք է իրականացներ, արդյոք այն կադաստրի կոմիտեի գործառույթն է ու այժմ ի՞նչ եք անում այդ ուղղությամբ:

 

Քարտեզագրական աշխատանքները ՀՀ- ում կարող են իրականացվել Կադաստրի կոմիտեի կողմից համապատասխան որակավորում ստացած անձինք։ Այդ աշխատանքներն իրականացվել են նաև «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի կողմից։ Իսկ ինչ վերաբերում է պետական նշանակության աշխատանքներին, դա եղել է միայն ՊՈԱԿ-ի գործառույթը, որը ամբողջ ծավալով տեղափոխվել է Կադաստրի կոմիտե Գեոմատիկայի կենտրոն։ Գաղտնիք չէ, որ ՀՀ կադաստրային քարտեզներում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց ուղղման համար մենք փոփոխություն ենք կատարել Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում, որով կառավարությունը երկամսյա ժամկետում սահմանելու է կադաստրային քարտեզներում ուղղումներ կատարելու կարգը։ Ինչ վերաբերում է ՀՀ սահմանների նկատմամբ տարվող աշխատանքներին, դրանք այժմ ընթանում են ամբողջ ծավալով։

 

-Հեղափոխությունից հետո ի՞նչ եք իրականացրել Կադաստրի կոմիտեում Ձեր ղեկավարման ժամանակահատվածում, որը մինչեւ այս չէր կատարվել: Դուք գո՞հ եք Ձեր աշխատանքից, եթե ամփոփելու լինենք Ձեր աշխատանքը, ինչ գնահատական կտաք:

 

-Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ 2019 թվականի դեկտեմբերի 5-ին և շուրջ մեկ տարի է ինչ ղեկավարում եմ կոմիտեն։ Պաշտոնը ստանձնելու պահից համակարգի բարձր որակավորում ունեցող և հրավիրված մասնագետների օգնությամբ ձեռնամուխ ենք եղել ինչպես համակարգի առջև ծառացած խնդիրների լուծմանը, այնպես էլ համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների սահմաննմանը և իրականացմանը։ Ի սկզբանե նպատակ է դրվել հնարավորինս թվայնացնել կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունները, պարզեցնել իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները, նվազեցնել պետական պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփումը։ Նախատեսված միջոցառումների վերջնարդյունքում ակընկալելով մատուցվող ծառայությունների որակի բարելավում, ժամկետների և ծառայության վճարների կրճատում ինչպես նաև պետական միջոցների խնայողություն։ Իրականացված աշխատանքներից նախ և առաջ կցանկանաի անրադառնալ համակարգի գործունեության ավտոմատացման ուղղությամբ կատարված որոշ աշխատանքներին, որոնց արդյունավետությունը և խիստ անհրաժեշտությունը զգացվեց արդեն իմ նշանակումից ընդամենը մի քանի ամիս հետո, երբ համավարակի հետևանքով անհրաժեշտություն եղավ փակել կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները։ Մասնավորապես 2020 թվականի հունվարից երբ դեռ որևէ կանխատեսում անգամ չկար, որ համավարակի հետևանքով կունենանք որոշակի սահմանափակումներ, մենք ձեռնամուխ էինք եղել Կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի արդիականացմանը, քանի որ 2019 թվականին օրական միջինը առցանց ներկայացվել էր 40-50 դիմում, որը կազմում էր օրական ներկայացվող դիմումների ընդամենը 2%-ը։

Արդյունքում 2020 թվականի մարտից վերագործարկվեց Կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման արդիականցված հարթակը, որը թույլ տվեց համավարակով պայմանավորված սպասարկման գրասենյակների փակ լինելու պարագայում օրական ընդունել շուրջ 1000 առցանց դիմում և ապահովել անշարժ գույքի շուկայի բնականոն գործունեությունը։ Համակարգի գործունեության ավտոմատացման ուղղությամբ կատարվել են մի շարք այլ աշխատանքներ, որոնցից ներկայացնեմ ընդամենը մի քանիսը․

1.Մշակվել է Ազգային գեոպորտալը, որը արդեն այս տարվա վերջ հասանելի կլինի պետական մարմիններին,

2.Ներդրվել է Առցանց քարտեզագրական համակարգ, որում հաջողվել է մի քանի ամիսների ընթացքում ներմուծել և առցանց վարել շուրջ 130 համայնքների քարտեզներ.

3.Մշակվել և պատրաստ է ներդրման Չափագրողների առցանց գրասենյակը, որը ինչպես կավտոմատացնի և կբարելավի որակավորված չափագրողների աշխատանքը, այնպես էլ կնվազեցնի քաղաքացիներից պահանջվող փաստաթղթերի քանակը։

4. Մշակվել և ներդրվել է Անշարժ գույքի հաշվիչը, որի միջոցով հնարավոր է պարզել Ձեր անշարժ գույքի նոր կադաստրային արժեքը և առաջիկա վեց տարիների հարկը։ Մեծածավալ աշխատանքներ են տարվել ինչպես տվյալների բազայի ճշգրտման և ամբողջականացման, այնպես էլ քարտեզագրական նյութերի ուղղման ուղղությամբ։ Նշեմ, որ 2020 թվականի ընթացքում ամբողջությամբ կատարվել են կառավարության միջոցառումների և գերակա խնդիրների ծրագրով նախատեսված աշխատանքները։ Կարծում եմ, որ մեր աշխատանքի գնահատականը մենք չենք որ պետք է տանք, այլ կոմիտեի ծառայություններից օգտվող անձինք։

 

-Այս պահին կոնկրետ ի՞նչ հարցեր է քննարկում Ձեր գերատեսչությունը եւ ո՞ր հարցն է հրատապ համարվում, որին անհրաժեշտ են լուծումներ:

 

-Քանի որ արդեն անդրադարձ կատարել էի առաջնահերթ կարևորություն ունեցող ՀՀ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի խնդրին, ապա անրադառնամ առաջնահերթ կարևորություն ունեցող մյուս աշխատանքներին։ Այդ աշխատանքներն են․

1.Կադաստրային քարտեզների ուղղումը, որի իրականացման համար արդեն ստեղծվել են իրավական նախադրյալներ և իրականացվել են պիլոտային տարածքի օդային նկարահանումներ, իսկ արդեն 2021 թվականի սկզբից ամբողջ ծավալով կմեկնարկեն քարտեզների ուղղման աշխատանքները։

2. ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանման աշխատանքների իրականացումը, որը կիրականացվի 2021 թվականին և կնպաստի Կադաստրի կոմիտեի և մի շարք այլ ոլորտների կարևորագույն խնդիրների լուծմանը,

3.Ազգային գեոպորտալի արդյունավետ գործարկման և դրա զարգացման աշխատանքները,

4. Տարածական տվյալների ազգային ստանդարտների մշակման և ներդրման աշխատանքները, որի ուղղությամբ արդեն իսկ կատարել ենք մեծածավալ աշխատանքներ,

5. Մատուցվող ծառայությունների առավել ավտոմատացմանը և դրանց շարունակական զարգացմանը միտված աշխատանքները,

6. Գրացման գործընթացների ու վարչարարության շարունակական պարզեցմանը ուղղված աշխատանքները և այլն։

 

-Մշտապես խոսվել է, որ Կադաստրի կոմիտեն եղել է այն կառույցը, որտեղ կոռուպցիան գերիշխել է, կարո՞ղ եք վստահեցնել որ այժմ կոմիտեում իսպառ բացակայում է կոռուպցիան:

 

-Որպես Կոմիտեի ղեկավար կարող եմ վստահեցնել Ձեզ միայն նրանում, որ իմ և կոմիտեի ղեկավար անձնակազմի կողմից իրականացվում է հնարավորը նման երևույթները բացառելու ուղղությամբ, սակայն կարծում եմ և այն համոզմանն եմ, որ կոռուպցիոն երևույթների իսպառ բացակայության հնարավոր է հասնել միայն համակարգային բարեփոխումների՝ այդ թվում ծառայությունների հնարավորինս ավտոմատացման և գրանցման գործընթացների առավելագույնս պարզեցման արդյունքում, որոնց ուղղությամբ էլ մեր կողմից իրականացվում է ամենօրյա հետևողական աշխատանք։

 

Զրուցեց Սոնա Գրիգորյանը