Աշխատանքային կարգուկանոն. Մասնագիտական արձագանքներ չափագրողների առցանց գրասենյակի վերաբերյալ

18.01.2021
Աշխատանքային կարգուկանոն. Մասնագիտական արձագանքներ չափագրողների առցանց գրասենյակի վերաբերյալ

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական խորհրդակցությունը կոմիտեի ղեկավարն սկսեց համակարգում աշխատանքային կարգապահությունը կարևորելով։ Համավարակի առկայությունն իսկապես դժվարացրել էր իրավիճակը, սակայն ժամանակին աշխատավայր ներկայանալու, անհարկի բացակայությունները բացառելու համար մեկ անգամ ևս շեշտվեց՝ «որևէ աշխատակից առանց անմիջական ղեկավարի իմացության չի կարող բացակայել աշխատավայրից, իսկ անհիմն բացակայություններն անպայման կունենան իրենց հետևանքները»։

Չափագրողների՝ նախորդ ուրբաթ գործարկված առցանց գրասենյակից մասնագետներն արդեն իսկ սկսել են օգտվել։  Կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանը հավաստեց, որ մասնագիտական հանրույթն արդեն իսկ հետաքրքրություն է ցուցաբերում։ Ներդրված նախնական տարբերակի վերաբերյալ հարցեր շատ են ստանում, կան դրական արձագանքներ։ Հարցի առնչությամբ կոմիտեի ղեկավարը մատնանշեց նաև այն պարտադիր գործիքակազմն ու տվյալները, որոնք ցանկալի է, որ անպայման վերանայվեն և, մինչև վերջնական տարբերակի գործարկումը, ներառվեն ծրագրում։

 

Ավարտուն տեսքի է բերվում կոմիտեի և դատական համակարգի միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության տեխնիկական առաջադրանքի վերջնական տարբերակը, որը երկու ամիս կաշխատի նախնական տարբերակով, իսկ իրավական անհրաժեշտ կարգավորումներից հետո կունենանք այն տարբերակը, որի ծրագրային փաթեթն այս կամ այն պատճառով հետաձգվել և  չի գործարկվել տարիներ շարունակ։ Վերջնական կարգավորումներով ծրագրի գործարկմամբ կիրագործվի մեր նպատակը՝ այս կամ այն գույքի նկատմամբ կալանքի մասին որոշումը ստանալ հենց արգելանքի ֆիքսման պահին։

Արդեն այս ամիս, Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ  Կարեն Գրիգորյանի հավաստմամբ, կոմիտեում կավարտվեն տվյալների գործարկման անվտանգության համակարգի ներդրման աշխատանքները։

 

Մինչև 2021 թվականի ավարտը սուբյեկտների նույնականացման աշխատանքներն ավարտելու համար ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանին հանձնարարվեց կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, ըստ աշխատանքի ծավալի, յուրաքանչյուր մարզի համար ունենալ ավարտի կոնկրետ ժամկետ, որպեսզի աշխատանքն ավելի արագ և համակարգված կատարվի։

Հավանության արժանացավ նաև կոմիտեի ղեկավարի այն դիտարկումը, որ նույնականացման աշխատանքներում անհրաժեշտության դեպքում կարող են  ներգրավվել նաև մասնագիտական վարչությունների աշխատակիցները։