«Մեր աշխատանքի արդյունքը երևում է այն ժամանակ, երբ քաղաքացին գոհ է հեռանում սպասարկման գրասենյակից»․ Սուրեն Թովմասյան
Հանձնարարականների կատարման համար ժամկետներ որոշելիս ընթացիկ ծանրաբեռնվածությունն անպայման հաշվի առնելու հորդորով սկսվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նկատեց, որ հապճեպություն կա, ինչը երևում է կատարված հանձնարարականներում, վնասում աշխատանքի որակին։
ԴԱՀԿ ծրագրի գործարկման ընթացքում առաջացած խնդիրներին անդրադարձ կատարելով՝ կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը փաստեց, որ եթե ծրագրի գործարկման ընթացքում դժվարություններ էին առաջանում օրվա կալանքներն ամբողջապես ներբեռնելու հարցում, ապա այսօր արդեն, խնդիրը կարգավորման վերջին փուլում է։
Այս շաբաթ կավարտվեն Գեոմատիկայի կենտրոնի համակարգիչների անվտանգության ապահովման աշխատանքները, իսկ դա, ինչպես կոմիտեի ղեկավարը փաստեց, «ոչ թե աշխատակցին վստահելու կամ չվստահելու, այլ տեխնիկական անվտանգություն ունենալու հարց է»։
Սուբյեկտների նույնականացման աշխատանքների ծրագրային փաթեթը պատրաստ է, մյուս շաբաթ ղեկավարին կներկայացվի նույնականացնող աշխատակիցների ցանկը, յուրաքանչյուրի կատարած աշխատանքի հաշվետվությունը։
Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին է ուղարկվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակը։
Ավարտական փուլում է դատական գործերի կանոնակարգման ծրագրային փաթեթի նկարագրի մշակումը, որի վերջնական տարբերակը կոմիտեի ղեկավարին կներկայացվի 2 շաբաթից։ Արդեն լրամշակված փաթեթը կփոխանցվի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին՝ տեխառաջադրանքի մշակման համար։
Տեղակալ Դավիթ Սողոմոնյանի հավաստմամբ՝ սպասարկող ընկերությանն են ուղարկվել ներկայացված առաջարկությունների հիման վրա չափագրողների առցանց գրասենյակի ծրագրային փաթեթում նախատեսված փոփոխությունները, որոնք ավելի կդյուրացնեն չափագրողների առցանց աշխատանքը։
Կոմիտեի սպասարկման գրասենյակների աշխատանքը համակարգող պատասխանատուներին հանձնարարվեց գործնական քայլեր ձեռնարկել գրասենյակներում աշխատանքային կարգուկանոնի պահպանման, անհարկի բացակայությունների բացառման ուղղությամբ։ Կոմիտեի ղեկավարը փաստեց, որ ցանկացած լավ գաղափարի արդյունքը երևում է այն ժամանակ, երբ քաղաքացին գոհ է հեռանում գրասենյակից։ Համակարգող վարչությունը ղեկավարին կներկայացնի մանրամասն հաշվետվություն յուրաքանչյուր գրասենյակում կատարվող աշխատանքի, արձանագրված թերությունների, հիմնավոր դժգոհությունների և ձեռնարկված շտկումների վերաբերյալ։