Ազգային գեոպորտալի գործարկում․ հասանելիություն պետական կառավարման մարմինների համար

04.02.2021
Ազգային գեոպորտալի գործարկում․ հասանելիություն պետական կառավարման մարմինների համար

2020 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից ներդրվեց Ազգային գեոպորտալը։

Գեոպորտալը նախատեսված է պետական կառավարչական և տեղական ինքնակառավարման մարմիններին ապահովելու համակարգված տարածական տվյալներով, ինչը հնարավոր է օգտագործել իրենց գործառույթները իրականացնելու համար։

Գեոպորտալում ներառված են ՀՀ համայնքների էլեկտրոնային կադաստրային քարտեզների բազային շերտերը (կադաստրային թաղամաս, հողամաս, շենքեր), թեմատիկ շերտերը (հողային ֆոնդը՝ ըստ նպատակային և գործառնական նշանակությունների և սեփականության սուբյեկտի), համայնքների վարչատարածքային սահմանները, հասցեները, աշխարհագրական անվանումները, ենթակառուցվածքները, ավտոճանապարհները, 2014 թվականին իրականացված օրթոֆոտոհատակագծերը, արբանյակային նկարները, ռելիեֆը և այլն։

Համակարգում ներդրված բազմաշերտ տեղեկատվությունը թույլ է տալիս միևնույն միջավայրում համադրել տարբեր շերտեր և իրականացնել մասնագիտական/ոլորտային վերլուծություններ։

Գեոպորտալում առկա է անշարժ գույքի միավորների որոնման հնարավորություն հետևյալ հատկանիշներով՝

● Կադաստրային ծածկագիր

● Մակերեսի միջակայք

● Ընտրված տարածք

● Հասցեով

Թեմատիկ շերտերը գեոպորտալում ներկայացված են պայմանական նշաններով։

Սկզբնական փուլում կադաստրային քարտեզները գեոպորտալում ներկայացվելու են պարբերական թարմացումներով, սակայն նոր քարտեզագրական բաղադրիչի ներդրմամբ շուտով հնարավոր կլինի ապահովել քատեզների դինամիկ թարմացում։ Նշենք նաև, որ ներկայումս 153 բնակավայրերի կադաստրային քարտեզներ վարվում են առցանց ռեժիմով։

Առցանց ինքնաշխատ եղանակով համակարգը թույլ է տալիս ցանկացած միավորի համար ստանալ կադաստրային ծածկագրի, գտնվելու վայրի, մակերեսի, բեկման կետերի կոորդինատների, նպատակային և գործառնական նշանակության, սեփականության սուբյեկտի, հողագնահատման շրջանի և այլնի վերաբերյալ բազմաբովանդակ տեղեկատվություն։

Հետագայում Գեոպորտալի միջոցով ՀՀ քաղաքացիներին և իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռնվելու ստանալ քարտեզագրական տեղեկատվություն ինքնաշխատ եղանակով, ինչպես նաև նախատեսվում է կրճատել տեղեկատվության ստացման ժամանակը և սակագները։