Մինչև տարեվերջ ակնկալում ենք առցանց դիմումների քանակի աճ․ Սուրեն Թովմասյան
2020թ․ ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում տարեկան ավելի քան 60․000 առցանց դիմում է մուտքագրվել կադաստրի էլեկտրոնային՝ e-cadastre.am հարթակի միջոցով։ Այս մասին ՀՀ կառավարության փետրվարի 11-ի նիստում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Քննարկվում էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացրած Թվայնացման ռազմավարական ծրագիրը, ըստ որի, արդեն 2025թ․ բոլոր պետական գերատեսչություններում կգործեն թվայնացման միևնույն ձևաչափերը, կլինեն միասնական հարթակներ։
Իր խոսքում կոմիտեի ղեկավարը նկատեց, որ եթե 2020թ-ի սկզբում առցանց դիմումների թիվը կադաստրի կոմիտեում կազմում էր մուտքագրված դիմումների ընդամենը 1%-ը, ապա տարեվերջին այն կազմում էր 12%: Թովմասյանը հավաստիացրեց, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում կունենանք նույնականացման առավել պարզեցված մեխանիզմներ, ինչը հնարավորություն կտա, արդեն 2021-ի վերջում շատ ավելի լավ արդյունքներ գրանցել։
2021թ․ հունվարից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է նաև գնային տարբերություն, եթե քաղաքացիներն օգտվում են առցանց համակարգից։ Մասնավորապես, ինքնաշխատ եղանակով տեղեկատվություն ստանալու արժեքը կազմում է 300 դրամ, այն դեպքում, երբ գրասենյակում նույն դիմումը ներկայացնելիս քաղաքացին վճարում է 1000 դրամ։