Կոմիտեի ղեկավարն ընդունեց Նիդերլանդների Թագավորության դեսպանին

13.02.2021
Կոմիտեի ղեկավարն ընդունեց Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը փետրվարի 12-ին կոմիտեում ընդունեց Նիդերլանդների Թագավորության  արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին։ Հանդիպման նպատակն էր համատեղ իրականացվող ընթացիկ ծրագրերի քննարկումը, ինչպես նաև հետագա համագործակցության ուղղությունների ուրվագծումը։

Հյուրին ներկայացվեցին կոմիտեում իրականացվող բարեփոխումները՝ առավել մանրամասնելով Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Կոմիտեի ղեկավարը դեսպանին ներկայացրեց նաև Ազգային գեոպորտալի գործիքակազմը, պիլոտային մարզում հավաքագրված տեղեկատվության շերտերը։

Կողմերը կարևորեցին տեղեկատվության հասանելիության և մատչելիության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև փորձի փոխանակումը երկրատեղեկատվական համակարգերի ոլորտում։ Քննարկվեցին նաև ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման, հնարավորությունները։

Նախորդ տարի նախատեսված այցը Նիդերլանդների Թագավորություն՝ Կադաստրի կոմիտեի մասնագիտական խմբի համար հետաձգվել էր COVID 19 համավարակի պատճառով, սակայն հեռակապի միջոցով նիդերլանդական կողմի հետ պարբերաբար տեղի են ունենում աշխատանքային քննարկումներ: