«Պետք է դուրս գալ վերահսկողության կաղապարներից և ունենալ իրավական ճիշտ գործիքակազմ»․ Սուրեն Թովմասյան
«Տարիներ շարունակ համակարգում կուտակված խնդիրները լուծելու համար պետք է ամեն մեկս մեր տեղում կրենք պատասխանատվություն, մասնագիտական վարչությունները պարբերաբար ներկայացնեն՝ ինչպես են պատկերացնում առկա խնդիրների լուծման ճանապարհները»,- համակարգում կատարվող փոփոխությունների մասին հայտարարեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ։
Մասնագիտական վարչությունները հանձնարարական ստացան՝ ներկայացնելու առաջարկություններ տվյալների բազայի ճշգրտման և ծառայությունների թվայնացման աշխատանքներում առավել հաճախ հանդիպող խնդիրների լուծման վերաբերյալ։ Կոմիտեի ղեկավարը հավելեց, որ հետևողական աշխատանքով «կարճ ժամանակում հնարավորություն կունենանք առավել շատ ինքնաշխատ ծառայություններ ունենալ»։
Գեոդեզիայի վարչությանը հանձնարարվեց երկշաբաթյա ժամկետում մշակել և ներկայացնել չափագրողներից ակնկալվող ձևաչափի լրացման միասնական ստանդատի նախնական տարբերակ, որը հետագայում հնարավորություն կտա միասնական հարթակում մեկտեղելու մասնագետներից ստացած տվյալները։
Խոսելով նույնականացման աշխատանքներում ընթացիկ խնդիրների մասին՝ Սուրեն Թովմասյանը նկատեց․ «Ճիշտ իրավական գործիքակազմ ունենալով՝ շատ հարցեր առավել հեշտ լուծում կստանան, քան վերահսկողական լծակներ կիրառելով»։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև իրավունքի գրանցման վկայականի ձևաթղթում փոփոխություններ կատարելու, համայնքի ղեկավարներին e-cadastre.am կայքի իրենց հարթակում համապատասխան հասանելիություն տրամադրելու, առցանց վարվող քարտեզներին վերաբերող հարցեր։
Մարտի 9-ից պաշտոնապես կգործարվի նաև չափագրողների առցանց գրասենյակի ավարտուն տարբերակը, և չափագրման փաթեթները կսկսեն ընդունվել միայն էլեկտրոնային եղանակով։