Համագործակցությունը պետական մյուս մարմինների հետ առավել արդյունավետ է դարձնում մեր աշխատանքը․ Սուրեն Թովմասյան
Մարտի 1-ի աշխատանքային խորհրդակցությանը կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անդրադարձել է նախորդ շաբաթվա վերջին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի մոտ հրավիրված աշխատանքային քննարկմանը, որին մասնակցում էին պատասխանատուներ Երևանի քաղաքապետարանից, քաղաքաշինության կոմիտեից, մասնավոր ընկերություններ, ոլորտի մասնագետներ։
Քննարկումը վերահաստատեց, որ ուշացումներ Կոմիտեի պատասխաններում գրեթե չեն լինում, իսկ ժամկետների պահպանման խնդիրներ արձանագրվում են միայն քարտեզների ուղղմանը վերաբերող գործընթացներում, որտեղ Կադաստրի կոմիտեի և համայնքապետարանների աշխատանքը շաղկապված է։
Ս. Թովմասյանը կարևորել է տարբեր պետական գերատեսչությունների հետ ակտիվ համագործակցությունը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու բացթողումներն ու առավել օպտիմալ լուծումներ գտնել։
Տեղակալ Արման Պետրոսյանը ներկայացրեց ԴԱՀԿ ծրագրի գործարկման համար սպասարկող ընկերության կատարած աշխատանքների ընթացիկ պատկերը, որի վերջնական արդյունքում կունենանք դեռևս 2014-2015թթ․ նախատեսված միասնական կալանքների համակարգը, որն ամբողջական կդառնա սուբյեկտների նույնականացման աշխատանքների ավարտից հետո։
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առցանց վարվող քարտեզներից գեներացվող և «ARPIS» համակարգում առկա տեղեկատվության դաշտերին, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների ճշտված տարբերակների քանակական ցուցանիշներին վերաբերող հարցեր։
Համայնքներից հավաքագրված ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների տվյալների բազան «ARPIS» համակարգին ինտեգրելու մասին իր խոսքում Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կարեն Գրիգորյանը փաստել է, որ տեխնիկական ճշգրիտ բնութագիր ունենալու և սպասարկող ընկերությանը փոխանցելու համար վերանայվում են մուտքագրված տվյալները։
Իրավունքի սուբյեկտների նույնականացման աշխատանքներում առկա խնդիրների համար գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանն առաջարկել է բարձրացնել նույնականացնողների առջև դրված պահանջի օրական շեմը՝ ավելացնել նույնականացվող սուբյեկտների քանակական ցուցանիշը։ Այսօրվանից աշխատանքում կներգրավվեն նաև ռեգիստրները։