Չափագրողների առցանց գրասենյակից մասնագետները դրական սպասելիքներ ունեն
Կադաստրի կոմիտեի Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչական շենքում այսօր քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության բնագավառներում որակավորում ունեցող անձանց հետ կազմակերպվել էր չափագրողների առցանց գրասենյակի քննարկման համար նախատեսված հանդիպումներից վերջինը։
Ոլորտում տասնյակ տարիների փորձ ունեցող 100-ից ավելի մասնագետներ մասնակցեցին կոմիտեի կազմակերպված երկօրյա հանդիպում-քննարկումներին, որի նպատակն էր չափագրման առցանց գրասենյակից օգտվելիս կիրառության մեջ հանդիպող հարցերի ու խնդիրների պարզաբանումը, քանի որ արդեն մարտի 9-ից չափագրման փաթեթները կսկսեն ընդունվել միայն էլեկտրոնային եղանակով, երբ կգործարկվի առցանց գրասենյակի վերջնական տարբերակը։
Կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանի օգնական Գևորգ Մանուկյանն այսօր ևս պատասխանեց գործնական կիրառման ընթացքում առաջացած հարցերին, մանրամասն ներկայացրեց չափագրողների առցանց գրասենյակից օգտվելու սկզբունքները, քննարկվեցին տվյալների մուտքագրման առանձնահատկությունները։
Չափագրողներից Կիմ Վահանյանը կարևոր ու դրական համարեց չափագրման փաթեթներն այլևս սպասարկման գրասենյակներում չհանձնելը․ «Երբեմն տեխնիկական խնդիրներ էին առաջանում ներկայացրած սկավառակների հետ, ստիպված էինք լինում նորից գալ գրասենյակ, կամ մնում էր ուրիշ օր, ինչը նաև պատվիրատուների դժգոհությունն էր առաջացնում»։
Վահանյանը նկատեց, որ աշխատանքի ընթացքում իրենց կողմից թույլ տրված մի փոքրիկ վրիպումը կամ գրասենյակի աշխատակցի բացթողումը կարող էր կասեցման պատճառ դառնալ, իսկ առցանց լրացնելիս, եթե բաց թողնես որևէ տող, չես կարող փաթեթը ներկայացնել, և ժամանակի ընթացքում կնվազի նաև կասեցումների թիվը։
2000թ․ ոլորտում աշխատող վանաձորցի Գասպար Վեքիլյանը շատ դրական գնահատեց գործարկված ծրագիրը՝ հատկապես արված բոլոր աշխատանքները խմբավորված, միանման ձևաչափով և մշտապես էլեկտրոնային բազայում ունենալու առումով։ Մասնագետի դիտարկմամբ՝ անպայման ընթացքում հարցեր կառաջանան, որոնք ավելի շատ տեխնիկական և ժամանակավոր կլինեն, «մինչև հունի մեջ կընկնեն»։
Նախկինում արված աշխատանքները բազայում ունենալը, հատկապես արդեն նույն ձևաչափերի կիրառմամբ, ըստ Վեքիլյանի, ոչ միայն իրենց աշխատանքը կհեշտացնի, այլ նաև նույն գույքի հետ կապված այլ պատվերների ժամանակ զգալիորեն կթեթևանա նաև քաղաքացու ֆինանսական բեռը։
Մասնագետները հույս հայտնեցին, որ ծրագրի ներդրման և Կադաստրի կոմիտեի հետ հետևողական համագործակցության արդյունքում ժամանակի ընթացքում կհասնենք նաև քարտեզների համադրումների իրավական լուծում պահանջող հարցերի լուծմանը։