Կայացավ ՀՀ կադաստրի կոմիտեի և Ռոսռեեստրի առցանց հանդիպումը
2021 թվականի մարտի 24-ին ՀՀ կադաստրի կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության (Росреестр) միջև կայացավ առցանց հանդիպում գեոդեզիայի և քարտեզագրության ուղղությամբ իրականացված աշխատանքների քննարկումների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էին Կադաստրի կոմիտեի և ՌԴ գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի համապատասխան մասնագետները:
Առցանց հարթակում հայ մասնագետները ռուս գործընկերների հետ փորձի փոխանակման նպատակով քննարկեցին աշխարհագրական օբյեկտների անվանումների տվյալների բազաների ստեղծման և վարման, աշխարհագրական անվանումների ազգային ստանդարտների աշխատանքների իրականացման, ԵՏՀ համակարգում միասնական քարտեզագրական հիմքի ստեղծման, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները և ներկայացրեցին նախատեսվող ծրագրերը:
Հանդիպման վերջում կողմերը կարևորեցին գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում երկու ծառայությունների փորձի փոխանակման, ինչպես նաև նմանատիպ միջոցառումների պարբերաբար անցկացումը: