Գյուղատնտեսական քոլեջի ուսանողների այցը Կոմիտեի առանձնացված ստորաբաժանումներ

26.03.2021
ՀՀ Ազգային ագրարային համալսարանի Ա․Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները, մարտի 25-ին կազմակերպված «բաց դասի» շրջանակներում, այցելել էին Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոն:
Կադաստրի կոմիտեի գլխավոր մասնագետ Ավետիք Ալեքսանյանի գլխավորությամբ ուսանողները ծանոթացան Գեոմատիկայի կենտրոնում կատարվող աշխատանքներին: Ապագա մասնագետներին ներկայացվեցին կենտրոնի հիմնական նպատակները՝  Գեոպորտալի, ինտեգրված կադաստրի, հասցեների միասնական ռեգիստրի վարումը, քարտեզագրական, հողաշինարարական և երկրատեղեկատվական աշխատանքների իրականացումը։
 
Դաշտային աշխատանքների կազմակերպման և համակարգման, ինչպես նաև երկրատարածական տվյալների կառավարման բաժիններում ուսանողները ծանոթացան հանրապետությունում քարտեզների ճշգրտման պիլոտային ծրագրի մեկնարկային աշխատանքներին և օգտագործվող տեխնիկական միջոցներին:
 
Երկրատարածական տվյալների կառավարման բաժնի գլխավոր մասնագետներ Էլմիրա Ավետիսյանը և Աննա Ղանդիլյանը ներկայացրեցին հասցեների ճշգրտման, դրանք ստանդարտ տեսքի բերելու և հասցեավորման համակարգի միասնական հարթակ ստեղծելու աշխատանքները։ Ուսանողները գրասենյակային պայմանններում ականատես եղան քարտեզների ուղղման գործընթացի կատարման հերթականությանը և վերջնական արդյունքներին:
 
Այցի ընթացքում ուսանողներին հնարավորություն ընձեռնվեց այցելել նաև նույն հասցեում գործող Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում: Ստորաբաժանման արխիվի պետ Հասմիկ Ասատրյանը հյուրերին ներկայացրեց արխիվային հատվածը` կարևորելով կադաստրային տվյալների արխիվացումը, բացատրեց ինչպիսի տվյալներ են ընդգրկվում այնտեղ, որտեղ է ի հայտ գալիս դրանց կիրառման անհրաժեշտությունը: Թղթաշրջանառության ամբողջական թվայնացման անհրաժեշտությունը մատնանշելով` Ավետիսյանն ուսանողներին ծանոթացրեց նաև ծրագրային միջավայրում տվյալների մուտքագրման գործընթացին:
Ուսանողները ծանոթացան նաև նույն ստորաբաժանման՝ իրավունքի պետական գրացում կատարող բաժինների աշխատանքին։