Չափագրողների առցանց գրասենյակն արդյունավետ է․ գրասենյակներում շաբաթական 650 դիմում պակաս է մուտքագրվում

12.04.2021
Չափագրողների առցանց գրասենյակն արդյունավետ է․ գրասենյակներում շաբաթական 650 դիմում պակաս է մուտքագրվում

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անդրադարձել է նախորդ շաբաթ ստորաբաժանումների ղեկավարներին տրված հանձնարարականներին, նկատել, որ օրակարգում ներառված որոշ անելիքներ առաժմ բաց են, հստակեցվել են կատարման ժամկետները։

Իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերի ներկայացման մասով բարձրացված հարցերի, սպասարկման գրասենյակներին համապատասխան տեխնիկական միջոցներով ապահովելու, օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասով առաջարկություներ է ներկայացրել ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը։

Չափագրողների առցանց գրասենյակի ներդրմամբ պայմանավորված՝ սպասարկման գրասենյակներում շաբաթական շուրջ 650 դիմում պակաս է մուտքագրում, ինչը, Սուրեն Թովմասյանի հավաստմամբ, ժամանակի ընթացքում հնարավորություն կընձեռնի ունենալ համակարգում «ազատ ձեռքեր», որոնք կօգնեն մեզ տվյալների բազայի ճշգրտման աշխատանքներում։

Կարևորվել են ամբողջ հանրապետության համար տվյալների բազայից կադաստրային քարտեզի վրա չտեղադրված անշարժ գույքի միավորների արտահանման ապահովման աշխատանքները։

Հնգամյա ծրագրով նախատեսված հանձնարարականների հաշվառման համար հանձնարարվել է առանձին-առանձին՝ յուրաքանչյուր մասնագիտական վարչության համար ներկայացնել հնգամյա ծրագրում անելիքներն ու կոնկրետ պատասխանատուներին։