Մայիսի 3-ից 7-ը կայացավ Աշխարհագրական անվանումների հարցերով ՄԱԿ-ի փորձագետների խմբի երկրորդ նստաշրջանը

11.05.2021
Մայիսի 3-ից 7-ը կայացավ Աշխարհագրական անվանումների հարցերով ՄԱԿ-ի փորձագետների խմբի երկրորդ նստաշրջանը

Նախորդ շաբաթ ՄԱԿ-ի քարտուղարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխարհագրական անվանումների հարցերով ՄԱԿ-ի փորձագետների խմբի երկրորդ առցանց նստաշրջանը, որին մասնակցում էին աշխարհի ավելի քան 100 երկրների ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին Գեոմատիկայի կենտրոնի պետ Վահագն Մուրադյանը, ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Արաքսյա Տոնոյանը, երկրատարածական տվյալների կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Յուրի Վարյանը և աշխարհագրական անվանումների տառադարձության մասնագիտական հանձնաժողովի անդամ Ագապի Երիցյանը։

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին աշխարհագրական անվանումների տառադարձմանը, ստանդարտացմանը և էկզոնիմներին վերաբերող բազմաթիվ խնդիրներ։ Առանձնակի ընդգծվեց այն հանգամանքը, որ նստաշրջանին ներկա յուրաքանչյուր պետություն պետք է հետամուտ լինի բնակավայրերի աշխարհագրական անվանումների վեց լեզուներով հաստատված ստանդարտը ունենալու հարցին։

Կարևորելով միջազգային փորձի փոխանակումը տվյալ բնագավառում՝ մասնակից երկրները պատրաստակամություն հայտնեցին համագործակցել աջակցության կարիք ունեցող պետությունների հետ։

Ագապի Երիցյանը տեղեկացրեց, որ Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ վերանայվում է Կառավարության 2011 թվականի ՀՀ աշխարհագրական անվանումների ռուսերեն և անգլերեն տառադարձության կարգը հաստատելու մասին թիվ 220 որոշումը։ Գործընթացը մեծ ուշադրության արժանացավ Էստոնիայի Հանրապետության ներկայացուցիչների կողմից, ինչին հետևեց հետագա համագործակցության հեռանկարային առաջարկը։

Արաքսյա Տոնոյանը հավելեց, որ Կադաստրի կոմիտեի կողմից արդեն իսկ ստեղծվել է աշխարհագրական անվանումների բառարանների և տեղեկագրերի ավելի քան 26 ցանկ, որոնք անհատույց տրամադրվել են պետական գերատեսչություններին և դեսպանատներին։ Հրատարակվել են նաև աշխարհի պետությունների և մայրաքաղաքների, ինչպես նաև տեղանունների անվանումների էկզոնիմների ցանկեր։

Կարևորելով Հայաստանի Հանրապետության մշակութային արժեքների հանրահռչակումը՝ Կադաստրի կոմիտեն, լեզվաբանների հետ համատեղ, նախատեսում է ստեղծել բնակավայրերի վարչատարածքային միավորների աշխարհագրական անվանումների բազմալեզու ցանկեր, որոնք կներկայացվեն Աշխարհագրական անվանումների հարցերով ՄԱԿ-ի փորձագետների խմբի՝ 2023 թ. մայիսին կայանալիք նստաշրջանի ընթացքում։