«Թղթային արխիվը պետք է կոնկրետ պահից դադարի շատանալ»․ Սուրեն Թովմասյան

19.04.2021
«Թղթային արխիվը պետք է կոնկրետ պահից դադարի շատանալ»․ Սուրեն Թովմասյան

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն աշխատանքային խորհրդակցության այսօրվա օրակարգային հարցերը քննարկել է կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուների հետ, հստակեցրել ընթացիկ անելիքները։

Մասնագիտական ստորաբաժանումների կողմից տվյալների բազաներում առկա թերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը։

Քննարկվել են համայնքների և պետական մարմինների միջև փաստաթղթաշրջանառությունը կանոնակարգելու նպատակով կադաստրի կոմիտեի կողմից առցանց հարթակ ստեղծելու, սպասարկման գրասենյակներին համապատասխան տեխնիկական միջոցներով ապահովելու վերաբերյալ առաջարկությունները։

Կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը ներկայացրել է իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերի ներկայացման մասով օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում համապատասխան փոփոխությունները։

Քաղաքացիների համար առավել հարմարավետ պայմանների ստեղծումը կարևորելով՝ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նկատել է, որ փոփոխությունների արդյունքում «քաղաքացին հնարավորինս քիչ փաստաթղթեր կստանա առձեռն, հնարավորինս քիչ էլ կներկայացնի»։

Սպասարկող ընկերության հետ համագործակցությամբ կհաշվարկվի նաև քարտեզների թվայնացման ծրագրի հետագա ռիսկայնությունը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կարեն Գրիգորյանը հավաստիացրել է, որ ավարտին են մոտենում Շիրակի մարզի կադաստրային քարտեզներն առցանց համակարգ տեղափոխելու աշխատանքները, որից հետո ռեսուրսներն ամբողջությամբ կուղղվեն Լոռու մարզի քարտեզներն առցանց հարթակ տեղափոխելուն։