Քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը քննարկվեց համայնքների ներկայացուցիչների հետ

19.05.2021
Քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը քննարկվեց համայնքների ներկայացուցիչների հետ

«Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ին ընդունված N 698-Ն որոշման իրականացման շրջանակներում Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնում` կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Տափերական, Նոր Կյանք, Փոքր Վեդի, Լուսառատ համայնքների և Կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Պիլոտային կարգով վերոնշյալ համայնքներում իրականացվել են համայնքների սահմանների ճշգրտում և կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքներ:

Հանդիպման ժամանակ Կոմիտեի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին կատարված աշխատանքները և ակնկալվող արդյունքները։ Օրթոֆոտոհատակագծերի հիման վրա ուղղվում են համայնքների վարչական սահմանները, թաղամասերի և անշարժ գույքի (հողամասի) միավորների սահմանները։

Եթե տվյալների ստացման հարցում օրթոֆոտոհատակագծերը չեն բավարարում, կատարվում են դաշտային աշխատանքներ։ Արդյունքում ավելի դյուրին կդառնա թե՛ համայնքային կառավարումը, և թե՛ քաղաքացիների խնդիրների լուծումը։

Կոմիտեի ներկայացուցիչները պատասխանեցին հնչեցված հարցերին, որոնք մեծ մասամբ կապված էին խնդրահարույց դեպքերի հետ և հավաստիացրին, որ ներկայացվելու են օրթոֆոտոհատակագծեր, որտեղ երևալու են բոլոր այդպիսի դեպքերը։ Դրանք քննարկվելու և պարզաբանվելու են համայքների ղեկավարների հետ, որից հետո արդեն վերջնական տարբերակները տրամադրվելու են համայքներին։

Նշվեց նաև, որ երբ քարտեզների ուղղման աշխատանքները վերջնականապես ավարտված կլինեն, բոլորը համայնքները բացառապես պետք է աշխատեն WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով։

Հանդիպման ընթացքում համայնքների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան տեսնելու կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքների գործընթացը և տեղեկացան իրենց համայնքներում առկա մի շարք անհամապատասխանությունների մասին։